Ամբողջ համացանցը ողողված է արտագաղթը գունեղ նկարագրող հոդվածներով: Բոլոր-բոլորը քննարկում և քննադատում են այդ արատավոր երևույթը, դրանում մեղադրում են իշխանություններին, խորը վիշտ են ապրում երկիրը թողնող ու հեռացող հայրենակիցների համար: Այո, յուրաքանչյուր հայրենասեր մարդ այդ երևույթին կնայի խոժոռ աչքերով: Այստեղ չհամաձայնվել չի կարելի: Մյուս կողմից էլ արտագաղթն արգելել չի կարելի, դա կդիտվի որպես անձի կամ քաղաքացու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի ոտնահարում: Ապրելու, կրթվելու և աշխատելու համար բարենպաստ պայմանները կարող են միայն այն կանգնեցնել: Բայց արի ու տես, այդ բացասականի մեջ կարելի է գտնել նաև դրականը: Արդյո՞ք արտագաղթում են միայն խեղճերն ու աղքատները, իսկ արտագաղթողների թվի մեջ չե՞նք ներառում նաև զոռբաներին: Թե որքանով են ճշգրտված արտագաղթին կամ ներգաղթին վերաբերվող վիճակագրական տվյալները` ես դա չգիտեմ, բայց մի բանում համոզված եմ, որ արտագաղթողների թվին են պատկանում նաև նախկին պաշտոնյաներ, ստվերային բիզնեսի դեմքեր, կոռուպցիայի մեջ շաղախված գործիչներ, օրենքներն ու համակեցության կանոններն ատող քաղաքացիներ, որոնք այլևս համահունչ չեն արդի Հայաստանին, ներկայիս առաջադրված պայմաններն անընդունելի են իրենց համար, չեն պատկերացնում պաշտոնն առանց կաշառքի, ցնցումներով են տանում օրենքի առջև հավասար ապրելու պահանջն ու անխուսափելիությունը, և այլն, և այլն, և այլն... Սրանք էլ են մեր հայրենակիցները, սրանք էլ են հայ, սրանց գաղթն էլ պետք է մտահոգի մեզ, բայց սրանց ժամանակավոր բացակայությունը բարենպաստ պայման կստեղծի արագ շտկվելու և բոլոր բացթողումները լրացնելու համար: Եվ այնժամ, երբ կարձանագրենք առաջին խմբերի ներգաղթը, կարող ենք բաց գրկով ընդունել նաև սրանց, հուսանք` արդեն շտկված ու մաքրված...

Հ.Գ. Չեմ արդարացնում և ոչ մեկին, բայց ամեն բացասականի մեջ ես տեսնում եմ նաև դրականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել