Այսօր լրատվամիջոցները անընդհատ մի նյութի են անդրադառնում, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը նեղացել է լրագրողներց: Պատճառը իբր թե օրեր առաջ կատարված դեպքն էր, երբ լրագրողները, Ալեքսանյանին թողած, սկսել էին հարցախեղդ անել Ծառուկյանին, ու Ալեքսանյանը նեղացել էր:
Այսօր մեր Լֆիկ ախպերը հրաժարվել է պատասխանել լրագրողների՝ ավանդական դարձած Փակ շուկայի թեմայով հարցին: Հարցը լսելուց հետո Ս. Ալեքսանյանը ասել է՝ «Լավ, ես գնացի», ու արագ հեռացել է:
Ես իհարկե հաճույքով կծիծաղեի այս ցինիկի մասնակցությամբ հերթական մառազմ դրվագի վրա, եթե իրավիճակն այդքան տխուր չլինել: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ մոտիվացիա կարող էր ունենալ Լֆիկը արհամարհելու լրագրողներին:
Պատկերացրեք իրավիճակը: Լֆիկը իրեն չխնայեց Տարոնի համար ձայներ բերելու համար, ու հիմա էլ բնական է, որ Տարոնը պետք է շնորհակալություն հայտնի նրան: Իսկ էլ ինչպե՞ս շնորհակալ լինել մի մարդուց, ում կյանքի միակ երազանքը շատ փող աշխատելն է: Քաղաքապետի ընտրություններից հետո որպես շնորհակալություն Տարոնը էլ հետամուտ չի լինի Փակ շուկայի հարցը կարգավորելու գործին (չնայած որ առաջ էլ առանձնապես իր խստությամբ չփայլեց), իսկ Լֆիկը կարհամարհի իրեն այդքան տանջող լրագրողներին: Ու կստացվի, որ ոչ լրագրողները խնդրին կանդրադառնան, ոչ էլ պատկան մարմինները օրինազանցին կպատժեն: Լֆիկը կբռնաբարի Փակ շուկան, «Երևան Սիթի» կսարքի ու կպատրաստվի հաջորդ ընտրություններից հետո նույնը անել, ասենք, Օպերայի շենքի հետ:
Ու պետական ապարատում նման ախպերական ու «ես՝ քեզ, դու՝ ինձ» ադալժենյաների պատճառով ոտնահարվում է ամենակարևորը՝ օրենսդրությունը, ապա նաև մարդկանց արժանապատվությունը:
Ու հենց ընտրությունների պատճառով է, որ ստեղծվում է վերօրենսդրական մի փակ խմբակ, որի անդամները կարող են և՛ չթույլատրված շինարարություն անել, և՛ մարդ ծեծել, և՛ ոստիկան ստորացնել: Այս ամեն ինչը նրանք մարսում են, որովհետև ժամանակին օգնել են իրենց պոտենցյալ պատժողներին վերարտադրվել: Իսկ եթե դժգոհողներ կլինեն, թող նրանք էլ վիզ դնեն ընտրություններում, ու նրանք էլ այդ ակումբի անդամատոմս ձեռք բերեն: Վերջիվերջո ինչ անում ենք, ախպերության համար ենք անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/257040427767666?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել