(Վարչապետի` վարսավիր օգնականը, բոթասները Փարիզից, «խելագար Շանթը», ՌԴ-ի կազմում Սիրիա մեկնող հայ զինվորականները, վարչապետի թույլտվությամբ ամերիկյան լաբորատորիաներ մտնող ռուս մասնագետները և այլն)

- Շանթ Հարությունյանն ասուլիս տվեց ու շատ կոպիտ անդրադարձավ նոր կառավարության գործելաոճին և, ըստ էության, արժեքային առումով հակադրվեց ստեղծված իրավիճակին: «Նոր Հայաստանի» իշխանական քարոզչամեքենան սկսեց Շանթին ակնարկներով անվանել հոգեկան հիվանդ, իսկ Բ26-ին մոտ կանգնած ֆեյք էջերն այդ նույնն անում են բացեիբաց: Շանթի ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ ինչ-որ սահմանափակումներ են եղել «168 ժամ», «Հրապարակ» օրաթերթերի ներկայությունն ապահովելու մասով, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչ սահմանափակման մասին էր խոսքը:

- Անցնող շաբաթվա ընթացքում պարզվեց, որ Նիկոլի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարը նշանակվել է վարչապետի օգնական: Ասեք, որ շատ յուրահատուկ մոտեցում է. կնոջդ արտաքնապես գեղեցկացնողին նշանակել քեզ օգնական: Իրոք որ ասպետական քայլ է, և, այո՛, սա միայն հնարավոր էր «նոր Հայաստանում»: Բացի այդ՝ պարզվեց, որ վարչապետի տիկինը Փարիզ է մեկնել, բայց թե ինչ նպատակով, այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ հեգնանք-կռուտիտով այն սվաղվեց:

- Ուրեմն՝ անցնող շաբաթ պարզ դարձավ, որ ոչ միայն Սիրիա ենք զորք ուղարկում, որ Նիկոլը Պուտինին ապացուցի իր հավատարմությունը, այլև հանուն այդ նույն նպատակի Նիկոլը ռուսներին թույլատրել է, որպեսզի նրանք մտնեն ՀՀ-ում ԱՄՆ կառավարության կողմից բացված լաբորատորիաներ: Սրա մասին էլ իմացանք ռուսական ԶԼՄ-ներից:

- Անցած շաբաթ Փաշինյանի ագիտպրոպի ամենավառ ներկայացուցիչներից մեկը (sut.am կայք) հրապարակեց մի ահարկու և սարսափազդու տեղեկություն առ այն, որ Արտակ Զեյնալյանի ծառայողական մեքենան վերջինս օգտագործել է ոչ նպատակային: Պատկերացնո՞ւմ եք։

- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում արեց իր վարչապետության շրջանի «ամենալուրջ» հայտարարությունը՝ կապված ԼՂ հակամարտության հետ, որում նա բառացի ասաց, որ, իր կարծիքով, «Արցախը պետք է միանա Հայաստանին»: Նույն հանդիպման ընթացքում Փաշինյանը գերազանցեց Գալուստ Գրիգորիչի անձնական ռեկորդը և կարողացավ մի 5 րոպե շարունակաբար «պատասխանել» Ռուբեն Վարդանյանի հարցին այնպես, որ ոչ ոք չհասկացավ, թե ինչ հարցի էր ի վերջո պատասխանում Փաշինյանը: Իհարկե, սրան հաջորդեց Ֆեյսբուքում Վարդանյանին ծաղրելու գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել