Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները, բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում էին օգոստոսին:
Նվեր Շահնազարյանին վերջին անգամ բնակիչները տեսել էին օգոստոսի 3-ի կեսօրին, Արտանիշ գյուղի մոտակայքում՝ ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից էլ նա անհետացել էր:
Նվեր Շահնազարյանը փորձել էր լողալով հետ բերել քամուց լճի խորքերը քշված ռետինե նավակը, որում գտնվել են իր քրոջ զավակները: Հենց այդ ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել անչափահաս երեխաների կյանքը և նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերին: Որոնումները շարունակվել են շաբաթներ: Օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, գտվել է տղամարդու դի, որը ոստիկանությունը հանձնել է դատաբժշկական փորձաքննության: Պարզվել է, որ դա հենց Սևանա լճում խեղդված Նվեր Շահնազարյանի մարմինն է: Դին արդեն հանձնվել է ընտանիքին: Այն հայտնաբերվել է ջրահեղձման վայրից ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված, ասել է Գարիկ Հակոբյանը: