Մտահոգիչ է, որ, հակառակ հայտարարվածի, հանրության մեջ չկան համատարած սեր ու համերաշխություն։ Ավելի շատ կան ատելություն, պառակտվածություն, անհանդուրժողականություն, զրպարտություն, ստախոսություն ու հայհոյանք և այս ամենին՝ նույնակերպ ու ճարահատյալ հակադարձում։
Բայց այսպես չպետք է լիներ։ Ու դեռ ուշ չէ, շտկելի է։ Ու դա մեկ խոսքով այս պահին կարող է անել հրապարակի տեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մթնոլորտն առողջացնել է պետք։
Ապրիլյան օրերին հիշում եմ, որ նա շատ գրագետ մարտավարություն որդեգրեց՝ ասելով՝ ով բռնություն կիրառեց, ով որևէ բան կոտրեց, ով խուլիգանություն արեց, ով միտինգի ավարտից՝ 22։00-ից հետո աղմկեց կամ մեքենայի ազդանշաններն անտեղի տվեց, մեզնից չէ, պրովոկատոր է։
Հիմա էլ, հատկապես որ նախընտրական պայքար է սպասվում, վստահ եմ, որ նման մարտավարությունը կաշխատի, եթե կիրառի՝ ասելով, որ, անկախ գաղափարական, քաղաքական, կրոնական, սոցիալական, ծրագրային, նախընտրական և այլ տարբերությունից, բոլորս մեկ ենք, մեկ ազգ, մեկ պետություն, Հայաստանի մի ժողովուրդ, ու ով դիմացինին վիրավորեց, զրպարտեց, կեղծեց, հայհոյեց, ուրեմն՝ դուրս է սիրո ու հանդուրժողականության հայտարարված ուղուց, ուրեմն՝ մեզնից չէ, ուրեմն՝ պրովոկատոր է, որն ուզում է մեզ վնասել ու ստեղծել անառողջ մթնոլորտ։
Չի կարող ժխտվել ու մերժվել այլակարծությունը, բայց և՛ կարծիք արտահայտողը, և՛ հակադարձողը չպետք է դուրս գան կոռեկտության սահմաններից, խոսեն ու բանավիճեն միայն փոխադարձ հարգալից մթնոլորտում։
Հիշենք, որ ատելությունն ատելության, հայհոյանքը հայհոյանքի դիմաց չի չեզոքացնում այն, այլ՝ ընդհակառակը, առճակատվելով գերկուտակվում է և ավելի բացասական անդունդն ենք գլորվում։ Քանի վերջնական ուշ չէ, կանխել է պետք այդ ամենը։
Եկեք յուրաքանչուրս խոսենք ոչ թե ուրիշներին նսեմացնելուց, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սխալ մարտավարությամբ, այլ բոլորիս առաջընթացին միտված մեր իսկ ծրագրերից ու պատկերացումներից։
Հետևաբար, միասին՝ հանուն Երևանի ու ողջ Հայաստանի։