Միգուցե կգա այդ օրը, երբ մեր սրտում ու հոգում խղճի ու սիրո նշույլ կարթնանա, մարդու և քաղաքացու տարրական շունչ կզգացվի, միգուցե խորհելու առիթ կդառնա, թե ինչպես հոշոտեցինք գեղեցիկ ու չքնաղ մեր հայրենիքը, բայց ավաղ... Արդեն վառված կլինեն հետդարձի ուղիները, և մեռյալ հոգիները կշրջեն մեր օջախներում:
Ի՞նչը արդյոք մեզ այսքան անտարբեր դարձրեց, ի՞նչն է նպաստել, որ մենք այսքան ատենք այս հողն ու ջուրը, ի՞նչ են արել մեզ այս քարերն ու հողը՝ բացի մեզ օջախ դառնալուց, մեզ հաց ու ջուր դառնալուց: Այո՛, մեզ բոլորիս, որովհետև հենց ես իմ մեղքի բաժինն եմ փնտրում, երբ իմ ընկերը, իմ բարեկամը, իմ հարևանը անտարբեր է իր իսկ ճակատագրի, իր իսկ տան ու օջախի հանդեպ...
Երբ լքում եք այս հողը, երբ հեռանում եք այս երկրից, երբ թքած ունեք նրա ճակատագրի վրա, ինչպե՞ս կարող եք հանգիստ քնել, առավոտ զարթնել ու մեղքի ոչ մի բաժին չզգալ, ի՞նչ եք դաստիարակելու ձեր զավակներին՝ վախեցանք ու փախա՞նք, թե՞ ուրիշի ստեղծածն ու ներդրածը վայելելն է հեշտ, իսկ մենք մեր հողը զլացանք ջրել ու մշակել և թողեցինք՝ մի քանի անհայտ մոլախոտ բուսնեն, ավիրեն ու պղծեն, տարածվեն ու իրենց վայրենի էությամբ լույսից ու արևից զրկեն, կյանքից ու ապագայից զրկեն մնացյալներին...
Մի՞թե որևէ բարոյական կեցվածք կունենաք իմ առաջ, երբ ես ձեր մանուկների խաղաղ ու երջանիկ անվտանգությունն էի հսկում, իսկ իմ ապագա մանուկների խաղաղությունը դուք բռնաբարեցիք ու հետներդ տարաք: Մի՞թե իմ ծնողները այդ վայելքների տեղը չգիտեին, երբ ինձ էին մեծացնում, ազերու շունչը 1.5 կմ-ից առնելով՝ պատերազմի ամենասարսափելի ժամանակահատվածում:
Մի՛ գնացեք այս երկրից, մի՛ կործանեք այս երկիրը, մի՛ տարեք ձեր սմ-ը հողերը, որոնց վրա արյուն կա թափված: Արդարացում չկա, գոյություն չունի, թարգեք քոչվորի կեցվածքն ու քաղաքացի եղեք, ձեր երկիրը շենացրեք: Չէ՞ որ հիվանդ մայրիկին չեն լքում ու թողնում բախտի քմահաճույքին, այլ պահում ու պաշտպանում են, վերքերը խնամում են և ոտքի կանգնեցնում նրան, իսկ հայրենիքը մեր երկրորդ մայրն է չէ՞, ժողովուրդ...
Հ.Գ. Միգուցե մտքերիս համար ինձ մեղադրեք, նույնիսկ հայհոյեք, բայց ես թքած ունեմ դրա վրա, որովհետև իմ զգացածն ու իմ սրտի ցավն եմ գրում: Ոչ մի իշխանություն մեղավոր չէ այս վիճակի, այս անմարդկային պայմանների համար, մեղավոր ենք մենք՝ մեր անտարբերությամբ, մեր հայրենիք ասածը չգիտակցելու սնանկությամբ, մեր գավառամտությամբ, մեր վախկոտությամբ և մեր ստորաքարշ կեցվածքով՝ հայրենիքներս ԿԱՅԱՐԱՆ դարձրինք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել