Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնագույն խոշոր քաղաքակրթություններ, որոնց մշակույթը գրեթե ամբողջապես ոչնչացվել է, սակայն միայն այն փաստը, որ մենք դրանց մասին որոշ տեղեկություններ ունենք, արդեն իսկ լավ է:

Մայաներ

Քաղաքակրթության դասական օրինակ, որի ժառանգության մեծ մասը անվերադարձելիորեն վերացել է: Մի ժամանակ ամենահզորը համարված ժողովրդի անհավանական գեղեցիկ ամրոցներն ու քաղաքները, որոնք ներկայումս գտնվում են ժամանակակից Մեքսիկայի ու Գվատեմալայի տարածքներում, այսօր ամբողջապես ավիրվել են կամ ջունգլիների վերածվել:

Մայաների քաղաքակրթության ծաղկման գագաթնակետը մեր թվարկության առաջին հազարամյակում էր. նրանք նոր, բարդ օրացույց կազմեցին, գրեր ու մաթեմատիկական բանաձևեր հորինեցին, ինժեներական կոնստրուկցիաներ մշակեցին, որոնք օգնում էին հսկայական բուրգեր կառուցել:

Քաղաքակրթության աստիճանաբար անկումն սկսվեց 900-ականներին, երբ Քրիստափոր Կոլումբոսը դեռ չէր այցելել ամերիկյան մայրցամաք: Պատմաբանները մինչ օրս հստակորեն չգիտեն, թե ինչն է եղել հզոր մայաների վերացման պատճառը, սակայն, ըստ որոշ վարկածների, մեղավորը ներքին պատերազմներն ու կլիմայի վատթարացումն էին, որոնց արդյունքում սով սկսվեց, և մայաները ստիպված եղան լքել իրենց քաղաքները:

Հարապպայի քաղաքակրթություն

Հին ժամանակների ամենահզոր քաղաքակրթություններից մեկը Հարապպայի քաղաքակրթությունն էր: Ինդոս գետի հովտի բնակիչների թիվն այս քաղաքակրթության զարգացման ժամանակաշրջանում հասնում էր 5 միլիոն մարդու, որը կազմում էր այն ժամանակվա աշխարհի ընդհանուր բնակչության 10%-ը:

Հարապպացիներն ունեին զարգացած մետաղագործություն, հուշարձանային ճարտարապետություն, քանդակագործություն, գեղարվեստ ու յուրօրինակ գիր, որը, ի դեպ, մինչ օրս չի վերծանվել: Նրանք ակտիվ առևտրի մեջ էին Միջագետքի, Շումերի, Արաբիայի ու Միջին Ասիայի պետությունների հետ:  

Մշակույթի ու արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը չփրկեց Հարապպայի քաղաքակրթությանը կործանումից. մոտ 3,5 հազար տարի առաջ հովտի բնակչության մեծ մասը տեղափոխվեց հարավ-արևելք՝ անցյալում թողնելով լայն պողոտաներ, բազմահարկ տներ ու ջրամատակարարման համակարգ ունեցող քաղաքները:

Հարապպացիների վերացման առավել հավանական պատճառը համարում են բնական պայմանների վատթարացումը: Դարեր շարունակ վերաբնակեցվածները վատնել են նախնիների գրեթե բոլոր ձեռքբերումները:

Չաթալ Հույուք

Չաթալ Հույուքը պատմության հնագույն քաղաքներից է, որի պատմությունը սկսվել է ավելի քան 9,5 հազար տարի առաջ: Քաղաքը զարգացած նեոլիթյան քաղաքակրթության մի մասն էր, որը գոյություն է ունեցել ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Չաթալ Հույուքն իր ժամանակների այլ բնակավայրերից տարբերվում էր յուրօրինակ ճարտարապետությամբ. քաղաքում չկային բառի ներկայիս բացատրությամբ փողոցներ, տները կառուցվում էին իրար կպած, իսկ դրանց մեջ մտնում էին տանիքներով: Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ, ցորեն ու լոբազգիներ էին աճեցնում, ընդեղեն ու մրգեր էին հավաքում: Աշխատանքային գործիքների մեծ մասը նրանք պատրաստում էին օբսիդիանից:

Իր ժամանակի համար Չաթալ Հույուքն իրական մեգապոլիս էր. դրա բնակչությունը հասնում էր մոտ 10 հազարի, իսկ հնագիտական գտածոները վկայում են քաղաքի բարդ հասարակա-քաղաքական կառուցվածքի ու զարգացած մշակույթի մասին: Սակայն թե ինչն է ստիպել բնակիչներին 2000 տարվա պատմություն ունեցող քաղաքը լքել, անհայտ է:

Անգկոր

Անգկոր-Վատը Կամբոջայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, սակայն ոչ բոլորը գիտեն, որ վանական համալիրը մի ժամանակ հանդիսացել է հսկայական Անգկոր քաղաքի՝ Կխմերների թագավորության մայրաքաղաքի մի մասը: Անգկորի ծաղկման ժամանակաշրջանը մեր թվարկության 1000-1200-ական թվականներն էին: Դրա բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, հասնում էր միլիոն մարդու. հավանական է, որ վերոնշյալ ժամանակաշրջանում սա աշխարհի ամենախոշոր քաղաքն էր:

Գոյություն ունեն տարբեր վարկածներ առ այն, թե ինչու է անկում ապրել քաղաքը՝ սկսած պատերազմից, վերջացրած բնական աղետով: Քաղաքի մնացորդների մեծ մասը ջունգլիների է վերածվել:

Փիրուզկուհ

Հանրահայտ Ջամի մզկիթը միակ կառույցն է, որը մեզ է հասել Փիրուզկուհ քաղաքից՝ղուրիդների կայսրության մայրաքաղաքից, որի կազմի մեջ էին մտնում ներկայիս Աֆղանստանի, Պակիստանի ու Իրանի տարածքները:

Մզկիթը կառուցվել է XII դարի վերջին սուլթան Հիյազ-ադ-Դինի հաղթանակի պատվին և համարվել է քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Մի քանի տասնամյակ անց Չինգիսխանի զորքերը Երկրի երեսից ջնջեց Փիրուզկուհը, իսկ մզկիթի մասին ժամանակավորապես մոռացան:

Դժբախտաբար, հուշարձանի դժվար հասանելիության ու անկայունության պատճառով Աֆղանստանում հնէաբանները դեռևս չեն կարողանում այս վայրը մանրամասն պեղումների ենթարկել: Վերջերս մասնագետները ահազանգեցին, որ ջրհեղեղներն ու երկրաշարժերը կարող են ամբողջությամբ ավիրել մզկիթը, այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու ու ամրացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել