Ընկերներ ջան

Այսօր ուզում էի ձեր համար մի լավ բան գրել, բայց վերջին օրերի իրադարձությունների ֆոնը լրիվ խախտեց պլաններս։ Թվացյալ իրարից անկախ, երևույթներ են տեղի ունենում, որոնք իմ մոտ որոշ տագնապի զգացողություններ են առաջացնում, և երեկվա օրը դրա կուլմիանցիան էր՝

ա) երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորեց ՀՀ շարքային քաղաքացի, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տոնը։

բ) նույն օրը Դոնեցկում սպանվեց պրո-ռուսական ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։

գ) նույն այդ օրն էլ Սոչի ժամանեց Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Պուտինի հետ երկար սպասված հանդիպման։

Դրան նախորդող շաբաթվա ընթացքում, ՀՀ քաղաքացի Քոչարյանը մի քանի անգամ վերահաստատեց իր նորահայտ քաղաքական հավակնությունները, և նաև ընդգծված արհամարանք հայտնեց իր նկատմամաբ հարուցած քրեական գործի (և այն վարող թիմի) նկատմամբ։ Զուգահեռ, դա ուղեկցվեց մասշտաբային PR-ով, և տեղական մեդիա ռեսուրսների սրընթաց ձեռքբերումներով։

Մինչև Զախարչենկոյի սպանությունը, ռուս-ուկրաինական հարաբարությունը արդեն ծայրահեղ սրվել էին, Ազովի ծովում երկու երկրները կանգնած էին ռազմական բախման առաջ, իսկ մինչ այդ էլ շաբաթվա սկզբից ուժի մեջ մտան ԱՄՆ պատժիմաջոցների նոր փաթեթը ՌԴ նկատմամբ։ Երկու տերությունները զուգահեռ աննախադեպ մեծ ռազմածովային ռեսուրսներ են կուտակել Սիրիայի սահմաններին, յուրաքանչյուրը պատրաստվում է հրթիռակոծել այդ երկրում իրեն թշնամական հանդիսացող խմբավորումներին։

Այս ֆոնին Ադրբեջանում ակտիվ շրջանառության մեջ դրվեց ՀԱՊԿ անդամակցության, և ռուս-թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի թեման, այն աստիճան, որ հայկական ԱԳՆ ստիպված եղավ արձագանքել և սպառնալ վետոյով (բարեսրտորեն կարծելով, որ Խաչատուրովի սկանադլից հետո Հայաստանը դեռ իրական վետոյի իրավունք ունի)։ Մինչ այդ, ԱՄՆ կողմից իրականացվել էր աննախադեպ գործողություն՝ սեփական երկարամյա ռազմավարական դաշնակից Թուրքիայի նկատմամբ մտցվել էին տնտեսական պատժամիջոցներ, որոնք տառացիորեն փլուզել էին թուրքական արժույթը և ֆոնդային շուկան։

Հիմա կասեք ինչ կապ ունի թուրքական արժույթի շուկան Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, և կամ Զախարչենկոյի սպանության հետ։ Շատ պարզ՝ այս բոլորը երկու գլոբալ անտագոնիստների միջև ընթացող երկարամյա հակամարտության հերթական մեծ սրացումն է, մեծ շախմատային տախտակի վրա (ենթադրում եմ, շատերդ կարդացել եք Բզեժինսկու հայտնի գիրքը), այս անգամ արդեն տեսանելի արյունալի հետևանքներով, Զախարչենկոն դրա սկիզբն է։

Եթե նախկինում մեզ հաջողվում էր այս կամ այն կերպ այդ սրացումներից հիմնականում խուսափել՝ դիվանագիտական խուսանավման արդյունքում, ապա նոր իշխանության տարաբնույթ էքսպերիմենտները, և այն ներկայացնող մի շարք գործիչների անձեռահասությունը և ավանտյուրիզմը այսօր մեզ դարձրել են այդ հակամարտության մեջ անմիջականորեն ներքաշված զինվոր (պեշկա)։ Ռուսաստանի ղեկավարությունը, շնորհավորելով Քոչարյանին, այս անգամ արդեն ակնհայտորեն ցույց է տալիս իր դժգոհությունը, և ի տարբերություն նախորդ անգամների թեթև հանդիմանության, չի թաքցնում, որ այսուհետ դիմելու է կոնկրետ միջոցների՝ ռազմա-տեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ վերջին ամսում հասցվել է նվազագույնի (Կալաշնիկովների արտադրության թեման ընդամենը PR ծխաշղարշ է, իրական խնդիրը ծանր սպառազինությունների մատակարարման դադարեցման մեջ է), և կարող է գնալ Ադրբեջանի հետ համագործակցության արագացված ընդլայնման։

Եթե մենք դրան զուգահեռ հստակ ուղերձներ ստանայինք մյուս գերտերությունից, դա գուցե կհավասարակշռեր իրավիճակը, բայց այն ևս համբերատար սպասում է, հասկանալով, որ Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը սկսում է անկանխատեսելի երանգներ ստանալ, և կառավարության 100 օրվանից հետո ներքին խմորումները կարող են արդեն գնալ ցանկացած ուղղությամբ, ուստի որևէ կողմի հետ հիմա ինչ որ բան պայմանավորվելը անիմաստ է, դրանց կատարման ոչ մի երաշխիք այլևս չկա։ Այս համատեքստում բավական խորհրդանշական է վարչապետի արտաքին գործերով խորհրդական Արսեն Խառատյանի տարօրինակ հիմնավորմամբ հրաժարականը՝ այս գործիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հիմնական ջատագովներից մեկն էր, սակայն զարմանալիորեն որոշեց լքել նոր իշխանության նավը այն պահին, երբ այն դեմ առավ առաջին լուրջ խութին։

Մեծ հավանականությամբ, իշխանությունը ևս հասկանում է, որ իր էքսպերիմենտրները կանգնացրել են երկիրը արտաքին քաղաքական լուրջ ճգնաժամի առաջ, որը սպառնում է վերածվել ռազմական սրացման և նաև ներքաղաքական ճգնաժամի, և փորձում է սրբագրել իր սխալները՝ "զոհաբերելով" որոշ ակնհայտ մեղավորների։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է նաև վարչապետի այցը Մոսկվա՝ փորձելու շտկել իրավիճակը ՌԴ ղեկավարության հետ։ Ինչպես միշտ, ես կուզենայի լավատես լինել, բայց իրականությունը ոչ թե այն է, ինչին մենք փորձում ենք լավատեսորեն հավատալ, այլ ինչ իրականում կա, և առաջացել է մեր գործողությունների հետևանքով։ Այսօր մեր իշխանության գործողությունների հետևանքով լուրջ լարվածություն է առաջացել Հայաստանի արտաքին հարաբերություններում, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ են համարժեք լուրջ քայլեր։ Ես վաղուց սպասում եմ այդպիսի քայլերի, և բնականաբար պատրաստ եմ դրանց իմ համեստ հնարավորությունների սահմաններում ըստ ամենի աջակցել։

Մեզ այսօր պետք է խուսափել ներքաշվելու գերտերությունների հակամարտության մեջ, այն մղվում է մեր պես միամիտներին զոհաբերելու և պերմանենտ մարտադաշտ դարձնելու հաշվին։ Մենք դեռ այդ սահմանը չենք անցել, և չպետք է այն հատենք ոչ մի դեպքում, դա երկրի ցանկացած իշխանության անմիջական պարտավորությունն է, և ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ դա հասկանում է, և կկարողանա հավասարակշռված քայլերով շտկել իրավիճակը։ 
Մինչ այդ, բոլորիդ խաղաղ և բարի հանգստյան օրեր եմ ցանկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել