Եթե կառավարության ներկայացրած ծրագիրը փորձենք դիտարկել «աճ, թե խնայողություն» բանավեճի համատեքստում, այն միանշանակորեն խնայողության ծրագիր է: Բավական է վերցնել ծրագրից երկու էլեմենտ, և այս եզրակացությունը կլինի համոզիչ.

1. Կառավարությունը նախատեսում է պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ ՀՆԱ-ի նկատմամբ տարեկան 0.3-0.4 տոկոսային կետի չափով: Սա նշանակում է, որ կառավարությունը տնտեսության իրական աճի (ոչ ներկայացվելիք թվերի) լուրջ ակնկալիք չունի: Սա նաև նշանակում է, որ կառավարությունը որևէ ցանկություն և պատրաստակամություն չունի իրականացնելու խորքային փոփոխություններ, հատկապես՝ հարկային ոլորտում: 

2. Ծրագրում հաջորդ չորս տարում (բացառությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային նախագծի, որն սկսվել է բավական ուշացումով և շատ դանդաղ է ընթանում) ենթակառուցվածքային մասշտաբային ծրագիր չկա, որը կարող է տնտեսական աճի խթան լինել: Ծրագրից հանված է անգամ նոր ատոմակայանի կառուցման հարցը: Աճին միտված միակ միջոցառումը հուլիսից նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումն է մինչև 45 հազար դրամ, ինչը չի կարող էական խթան լինել տնտեսական աճի համար: 

Իսկ երբ այս ծրագիրը դիտարկում ենք կառավարության արդեն 2013թ. բյուջեի հետ համատեղ, որտեղ նախատեսվում է ընդամենը բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 2,6 տոկոսի չափով, ապա ծրագրի խնայողական և զսպողական լինելու հանգամանքը որևէ կասկած չի թողնում: 

Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը շատ ավելի պահպանողական է դարձել, քան նույնիսկ ԱՄՀ-ն է, որի ներկայացուցիչները իրենց վերջին հոդվածում բառացիորեն ասում էին. «Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն»:

Հայաստանի կառավարությունն իր գործունեության գլխավոր թիրախ է վերցրել ֆիսկալ և ֆինանսական կայունությունը, երբ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներն այնպիսին են, որ տնտեսական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և աղքատության նվազեցումը օրվա հրամայականներն են: 

Խնդիրն այն է, որ կառավարությունը այդ կայունությանը ուզում է հասնել և այն պահպանել տնտեսության լճացման ճանապարհով, երբ այդ նույնը կարելի է անել տնտեսական աճի միջոցով: 

Հաշվի առնելով Հայաստանում առկա արտագաղթի միտումները, աղքատության բարձր մակարդակը և սոցիալական դժգոհությունները` ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը բոլորովին այլ ուղղությամբ պետք է լինի. 

Հարկաբյուջետային քաղաքականության մասով. պետք է էականորեն ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը և տարեկան առնվազն մեկ-երկու մեծ ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել: Սրանց ֆինանսավորումը պետք է իրականացնել հիմնականում բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի միջոցով՝ ներքին պարտքի ավելացման և պետպարտատոմսերի թողարկման հաշվին՝ այնտեղ ներգրավելով քաղաքացիների խնայողությունները, Կենտրոնական բանկի միջոցները, ԱՊՊԱ-ից կուտակված գումարները և Կենսաթոշակային կուտակային հիմնադրամից հավաքվելիք միջոցները:

Դրամավարկային քաղաքականության մասով. ավելացնել դրամի ծավալները տնտեսության մեջ, նպաստել վարկերի էժանացմանը, թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների:

Ահավասիկ, այսպիսի հավակնոտ ծրագիր ներկայացնելու դեպքում մենք միայն կկարողանանք միաժամանակ երկու նպատակ իրականացնել՝ ա) տնտեսական աճի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որը կբերի արտագաղթի էական կրճատմանը, բ) այս հավակնոտ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար կառավարությանն այլընտրանք չթողնել, քան իրականացնել խորքային կառուցվածքային փոփոխություններ բոլոր ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել