«Թող երջանկանա այն մարդը, ով քեզ կհանդիպի, իմ գանգրահեր:

Ես օրհնում եմ այն օրը, երբ առաջին անգամ քեզ տեսա: 
Կյանքում հրաշքներ քիչ են պատահում, այն էլ ինձ հետ` մի մարդու, ով իր գրասեղանից այն կողմ սովոր չէ տեսնել կյանքի թաքնված հրաշքները: Դու իմ մշուշոտ կյանքի փոքրիկ հրաշքն էիր, որ հանդիպեց ինձ: Չնայած ես այդպես էլ չկարողացա վայելել քո գանգուր մազերը իմ կողքին, սակայն թող երջանկանա այն մարդը, ով կհանդիպի քեզ:
Դու այն աղջիկն էիր, ով փոթորկոտ անձրևի օրը կանգնած կարմիր լույսի տակ, հագած թեթև ամառային զգեստ, ականջակալներով երաժշտություն էր լսում: Եվ քեզ բնավ չէր հետաքրքրում քո օրորվող անձրևանոցը, քամին: Իսկ ես այդ պահին հրաշք էի վայելում: Ես ամեն անգամ մեռնում եմ հիշելով այն պահը, երբ քամին խաղում էր գանգուրներիդ հետ, իսկ դու նուրբ մատներովդ ուղղում էիր նրանց, սակայն ապարդյուն: Եվ այն ժամանակ ես հասկացա, թե ինչքան եմ սիրում երկար ձգվող կարմիր լույսը, և առհասարակ թող բոլոր փողոցների կարմիր լույսերը երկար տևեն, որպեսզի մարդիկ նկատեն կյանքի հրաշքներից մեկը` իմ գանգրահերին:
Իմ գանգրահեր, ես քո հետևից կվազեի ոչ թե մոտակա երթուղայինը, այլ մինչև աշխարհի վերջ: Եվ միայն քո րոպեական ներկայության համար ես կսիրեի աշխարհի բոլոր կեղտոտ ու փոշոտ երթուղայինները:
Ես մի քանի րոպե ապրեցի: Ես մի քանի րոպե հետևեցի շարժումներիդ, հայացքիդ: Ես ամեն ինչ կտայի միայն թե աչքերիդ մեջ մի քիչ ուրախություն տեսնեի, մի քիչ կայծ: Դու անհանգիստ տրորում էիր աչքերդ, սեղմում մատներդ, ուղղում ականջակալներդ: Դու յուրովի էիր շարժումներիդ մեջ, նույնիսկ երբ թարթում էիր աչքերդ:
Իմ գանգրահեր, ես մի քանի վայրկյանով մահացա, երբ երթուղայինից դուրս գալուց դու համարյա թե վազքով մոտեցար մեկին և գրկեցիր այնքան ջերմագին, այնքան նուրբ: Ես նախանձեցի, որ ես չեմ նա, ով արժանանում է քո գրկախառնություններին: Չնայած ցավս ավելացավ, երբ դու կարոտով լի աչքերով ճանապարհեցիր նրան, կարծես այդ մի քանի վայրկյաններին շատ ես սպասել:
Իմ գանգրահեր, չեմ ուզում կյանքում ոչ մեկին կարոտես, և որ աչքերդ լցված չլինեն այն թախիծով, որքան այն ժամանակ: Դու ուրիշ ես, նման չես մնացած գանգրահերներին: Դու կյանք ես ներշնչում, դու ապրել ես ստիպում, դու ժպտում ես այնպես, կարծես ժպտում են աշխարհի բոլոր լույսերը:
Թող երազանքերդ միշտ կատարվեն, թող կյանքը քեզ համար մի հեքիաթ լինի, թող ձեռքերդ գտնեն իրենց տաքացնողին, թող գանգուրներդ զարդարեն քեզ արժանի մարդու շուրջը, թող ժպտան աչքերդ:

Իմ գանգրահեր, իմ ուրիշ, իմ միակ, իմ անկնթարթային...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել