ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հաջողվեց հերթական անգամ իմիջային հարվածի տակ դնել գործող իշխանություններին ու հերթական անգամ դա արեց չեղած տեղից։ Ոմանք սա կարող են բացատրել նրանով, որ Հարությունյանը, ինչպես մնացած երիտնախարարները, ունի կոմպետենցիայի ու փորձառության խնդիր։ Նա իրոք ունի կոմպետենցիայի ու փորձառության խնդիր, բայց իմ համեստ կարծիքով՝ կոնկրետ դրվագում մենք ականատես ենք լինում էթիկետի ու մարդկային որակների բացակայության խնդրի։

Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն է, որ անգամ եթե տնօրենը Հարությունյանին թարս կապույտ չաներ իր անգլերեն պատասխանով, դրանից նրա բարձրացրած հարցի բովանդակությունն ու արդիականությունը չէին պակասելու, բայց Հարությունյանը գերադասեց բովանդակային հարցին բովանդակային պատասխան տալու փոխարեն անցնել անձնավորման ու ի ցույց դնել տնօրենի «թերիությունը»։ Տենց լավ չէր, մի հատ էլ պետք է ասեր․ «Ba incu Serji vaxt ceik xosum»: Ի դեպ, սա հետևանք է նաև «Թողեք, թող աշխատեն» ու «հա, դե 3-4 ամսում ի՞նչ անեն» ախմախ հայեցակարգի, որի միակ ակնառու արդյունքն այս պահի դրությամբ այն է, որ ոմանց մոտ սեփական էգոն այնպիսի տիեզերական մասշտաբների է հասել, որ վախենում եմ՝ ՀՀ Կառավարության կազմում գրիժայի զանգվածային «էպիդեմիա» սկսվի։

Վերջիվերջո, եթե խոսենք լեզվի իմացությունից, չպետք է մոռանանք, որ նույն Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով էր, որ Փարիզյան կոմյունիկեից անհետացավ Արցախի տարածքում բնակվող ուսանողների՝ Եվրոպայում ուսուցում ստանալու մասին տողը, ինչը կա՛մ նույն լեզվի թերի իմացության խնդիր էր, կա՛մ չարաբաստիկ կոմպետենցիայի բացակայություն ու/կամ լոդրության հետևանք։

Հա, ևս մի արայիկհարությունյանական նորամուծության մասին ասելիք կա՝ դպրոցական համազգեստի ազատականացման թեման։ Խնդիրն այն է, որ էդ անտեր համազգեստը կամ էլ նույնանման հագուստի պրակտիկան ոչ թե ավտորիտարիզմի խորհուրդ է կրում, այլ լրջագույն սոցիալական ու դաստիարակչական ֆունկցիա է կատարում։ Նախ՝ մեղմում են սոցիալական շերտավորման ընդգծման գործոնը դպրոցներում, երբ աշակերտների արտաքին տեսքով այդքան ցցուն չի ընդգծվում նրանց ընտանիքների սոցիալական դիրքը ու հնարավորություն է ընձեռվում համահավասարության մթնոլորտ ունենալու, հետո էլ՝ համազգեստի առկայությունը նաև դաստիարակչական-դիսցիպլինար խորհուրդ ունի։ Նույն պատճառով է, որ կանոնավոր բանակում կրում են միանման համազգեստ, նույն պատճառով է, որ աշխարհի լավագույն բուհերում և դպրոցներում համազգեստը պարտադիր բնույթ է կրում, բայց քանի որ մեր երիտնախարարը երբեք լավագույն ուսումնական հաստատություններում չի ուսանել, ոչ էլ բանակում է ծառայել առողջական խնդիրների պատճառով, ինքը որտեղի՞ց պետք է նման նրբություններ իմանար։ Վերջիվերջո, մանկավարժության, ադմինիստրատիվ կառավարման ու ռեֆորմների հարցում փորձառություն և պատկերացումներ ունենալը մի բան է, մի երկու շաբաթ քաղաքում Մովսեսի գավազանով դեգերելը՝ միանգամայն այլ բան։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել