Այսօր ես ձկան պես լուռ եմ… ու ինձ այլևս ոչինչ չի մնում ասելու: Իմ կյանքում այսպիսի պահեր լինում են, ճիշտ է, բայց սա մի տեսակ չափազանց ու անհանգիստ թվաց: Մի տեսակ խորթ ու վանող լիցքեր եմ զգում քեզնից, որոնք տխրություն են իջեցնում վրաս: Այդպես էլ չեմ կարողանում ընկալել` ինչն է ինձ ստիպում ամեն ինչում վատը տեսնել: Ես բարբաջում եմ ուղղակի, խոսում այնպիսի բաներ, որոնք ի զորու չեն բացահայտել զգայական աշխարհիս մանր բեկորները, որ պիտի հայելի դարձնեն աչքերս, ու գրքի նման թերթես անցյալիս էջերը: Դրանք անմիջապես դեմքիցդ կհեռացնեն այն ժպիտը, որն աշխարհում ամենաշատն եմ սիրում: Գժի պես միայն համբուրել եմ ուզում ժպիտից առաջացած խոր փոսիկդ, պուճու՜ր….
Ես թքում եմ հպարտությանս վրա: Գրողի տարած ինքնասիրություն ու ՀԱԿԱսեր…
Նայեմ աչքերիդ ու չսիրեմ. անկարելի է… Դու միշտ ճիշտ ես, այն ճշտի հեղինակը, որ ես ընդունում եմ որպես օրենք ու օրինազանց երբեք չեմ լինում: Ես պատրաստ չեմ քո օրենքները խախտել ու կորցնել քեզ, թողնել քեզ իմ անցյալի մութ էջերում, ուր հենց ես եմ խեղդվում հեղձուկից ու փնչացնում կատաղությունից, քանի որ ինքս եմ իմ անցյալի ձեռագիրը, կնիքն ու տնօրենը: Ես չունեմ ասելու ինչ-որ բան, իմ խոսքերը սպառվել են, բացատրությունները կորցրել են գույները, արդարացումներից հենց իմ սիրտն է խառնում: Ես քեզ սիրում եմ, դու էլ ինձ ես սիրում, բայց ես քեզնից շատ եմ սիրում: Դու դա գիտես ու չես հերքում, որովհետև դա քո բնույթն է` սիրվել ավելին, քան սիրել: Դու չես սիրում արտահայտել քո սերը, սիրում ես լուռ, առանց խոսքերի, բայց խեղդում ես ինձ, երբ գրկում ես ամուր-ամուր:
Ահա կանգնած եմ քո առջև ու ասելու ոչինչ չունեմ… նույնիսկ քեզ, որ իմ հայելին ես, որ իմ հոգու մթին անձավները միայն քեզ են հասանելի, ու ես բաց գիրք եմ քո առաջ… Մենք իրար ասելու ուղղակի ոչինչ չունենք…