Իշխանությունները այլևս անկարող են վերահսկել երկրում ահագնացող ներքաղաքական իրավիճակը: Ֆիլմերի, սերիալների և երգերի միջոցով իշխանությունը քարոզում է երիտասարդներին ծառայել բանակում: Այսօր յուրաքանչյուր ծնող տանջանքով ու չարչարանքով է մեծացնում իր երեխային, ուղարկում ծառայության և երկու տարի շարունակ ապրում վախը սրտում, որ ամեն բացվող առավոտ կարող է վատ լուր լսել իր զինվոր տղայի մասին: Թերևս ՊՆ-ը ամեն բան անում է, որ բանակում կատարվող իրադարձությունները հասարակությանը հասու չդառնան, որ քաղաքացիները ունենան այն «լավ» կարծիքը բանակի մասին, ինչը քարոզում են իրենք: Բայց յուրաքանչյուր ծառայած երիտասարդ, յուրաքանչյուր հին ու նոր զինվորի ծնող քաջ գիտակցում է, թե իրականում ինչ է կատարվում զորամասերի պատերից այն կողմ, ինչպես են վերաբերվում զինվորներին: Կատարված իրադարձությունները վերլուծելիս ուրվագծվում է մի պարզ ճշմարտություն, որ բոլոր հանցագործությունները կատարվել են պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում, սպայական և հրամանատարական կազմի անտարբերության պատճառով: Ինչքա՞ն կարելի է խաղաղ պայմաններում ունենալ զինվորների կորուստ, ինչքա՞ն կարելի է կոծկել կատարված հանցագործությունները, ինչքա՞ն կարելի է անարգել որդեկորույս մայրերին, ինչքա՞ն կարելի է զինվորի կյանքը չգնահատել: Ախր դուք պետք է դողաք ամեն զինվորի համար, փայփայեք նրանց, առանց այդ էլ մի բուռ ենք մնացել, և հետագայում ազգի գենոֆոնդ շարունակողները հենց ձեր կողմից անարգված, խոշտանգված, հոգեպես ընկճված ու խեղված զինվորներն են լինելու, առանց նրանց ձեր երկիրն ու սահմանները պաշտպանված չեն լինի, առանց նրանց նոր բալիկներ այս քանդված ու ծախված երկրում չեն ծնվի: Եթե ձեր` իշխանավորների որդիների հետ նույնը կատարվի (անկեղծ չեմ ցանկանում), դուք միայն այդ ժամանակ կհասկանաք, թե ինչ են զգում անհասկանալի պայմաններում մահացած որդու կորուստը ողբացող ծնողը, բայց դա ձեզ հետ չի կատարվի, քանի որ ձեր որդիները բանակում ծառայելու փոխարեն շքեղ ավտոմեքենաներ վարելով` կյանքի հաճույքներից են օգտվում կամ ձևականորեն զորամասերում հաշվառված զինվորներ են լինում: Ինչո՞ւ որևէ բարձրաստիճան զինվորական չի ազատվել զբաղեցրած պաշտոնից, ինչո՞ւ են նրանք շարունակում աշխատել համակարգում և ավելացնել ուսադիրների աստղերի քանակը, ինչո՞ւ ՊՆ նախարարը մասնակցեց սպանված զինվորի հուղարկավորությանը միայն այն ժամանակ, երբ ճարահատյալ ու ոստիկանների կողմից ծեծված հարազատները որոշեցին իրենց որդու դին Երևան տեղափոխել, ինչքա՞ն կարելի է թքած ունենալ զինվորի կյանքի վրա և անարգել արդարություն պահանջող ծնողներին: Լավ կլիներ, որ մշակվեր մի փաստաթուղթ, որը կլիներ պայմանագիր պետության և զինվորի ծնողների միջև, ըստ որի պետությունը և զորամասի հրամանատարությունը անձամբ պատասխանատվություն կրեն բանակում զինվորի կյանքի, առողջության հետ կատարված ցանկացած դեպքի համար, անձամբ ենթարկվեն քրեական պատասխանատվության իրենց ամենաթողության և անտարբերության համար: Գուցե այս դեպքում ամեն բան փոխվի, և իրենց կաշին փրկելու համար ավելի ուշադիր ու սրտացավ դառնան զինվորների նկատմամբ: Այս փաստաթղթի առկայությունը արդեն անհրաժեշտ է, քանի որ ծնողները երեխային հանձնում են պետությանը և չգիտեն՝ ինչ պարտավորություն ունի պետությունը իր զավակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում ումից ինչ պահանջեն: Իմացեք, որ փոքրիկ տղաներ ունեցող մայրերը, այս ամենը տեսնելով, արդեն իսկ մտածում են իրենց տղաներին բանակ չուղարկելու մասին, իմացեք, որ տղա ծնվելիս այլևս աչքալուսանք չեն տալիս, իմացեք, որ տղա երեխաներ այլևս չեն ուզում ունենալ, որ դուք նրանց բանակում չսպանեք: