Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ևս մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Համբարյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հայր ու որդիներ են, և երեխաները 7, 14 և 15 տարեկան էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել