Մենք գիտենք, որ նախընտրական խոստումները կմնան խոստումներ, բայց շարունակում ենք հավատալ։
Մենք գիտենք, որ Հայաստանում ընտրությունները մարդուս հիմարի տեղ դնելու գործընթաց է, բայց շարունակում ենք գնալ և քվեարկել։
Մեզ ասում են, որ գները վերջին անգամ են բարձրանալու, և մենք հավատում ենք, չնայած «վերջին անգամը» լինում է ամեն տարի։
Մենք գիտենք, որ Հայաստանի առաջին հեռուստաալիքն աշխատում է Բաղրամյան փողոցի ընդամենը մեկ շենքի համար, բայց շարունակում ենք դիտել այն։
Մենք գիտենք և տեսնում ենք, որ եկեղեցու ծառայողներն ունեն իրենց գնացուցակը, և շարունակում ենք համբուրել նրանց ձեռքը։
Մենք շարունակում ենք հավատալ, մինչդեռ արդեն չկան մարդիկ, ում կարելի է հավատալ։
Մենք ասում ենք մեկ բան, բայց անում լրիվ հակառակը։
Մենք գիտենք, որ ամենուր կաշառակերություն է տիրում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում ենք չինովնիկին կաշառել, որպեսզի մեր գործը մյուսներից շուտ լինի, հետո էլ հայտարարում, որ մեզ էլի «կողոպտեցին»։
Մենք ընկածին խփում ենք՝ օգնելու փոխարեն։
Մեզ վրա թքում են, իսկ մենք ասում ենք «վայ, անձրև եկավ»։
Մենք շարունակում ենք ծափահարել երգչուհուն, ով իր սիրտը բացել է Թուրքիայի առաջ։
Մենք շարունակում ենք հուսալ, մինչդեռ հույսն արդեն վաղուց սատկել է։
Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է, և յուրաքանչյուրն իր կյանքն ունի, բայց հարմար պահին մեր քիթը մտցնում ենք ուրիշի կյանքի մեջ։
Մենք ինչ–որ գործ սկսում ենք և թողնում ենք կիսատ։
Մենք չենք հասկանում ազգային միասնության իմաստը։
Մենք ինքներս մեզ չենք հարգում։
Ամեն տեղ «մենք»։ Թվում է, թե շատ ենք, բայց ոչինչ չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել