«Երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խորը բարեկամությամբ, և Հայաստանը խրախուսում է Լիբանանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը»,- այս մասին նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ այսօր լիբանանյան պատվիրակության հետ հանդիպմանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով:

Նա նշել է, որ Հայաստանում թե լիբանանահայերի, և թե լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, և առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար:

«Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլև հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը:

Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել