Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԶՈՒ հինգ զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ զինվորականները ստացել են անհրաժեշտ բուժումը և վերադարձել հայրենիք՝ պատրաստակամորեն շարունակելու իրենց ծառայությունն ազգին և հայրենիքին: Սրբազանը նաև հավելել է, որ վիրավոր զինվորներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող աջակցության այս ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսված է պրոթեզավորել տասնվեց զինվորականի:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեզ և մեր Հայոց բանակի զինվորներին: Ազգը սիրում և գնահատում է իր զինվորներին և պատրաստ է ամեն հանձնառության հանուն ձեզ և Հայոց բանակի», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արձանագրելով, որ ցուցաբերվող զորակցությունը նվազագույնն է, որ Մայր Աթոռը կարող է անել հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ նվիրական պարտքը կատարելու ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորականների համար:

Նորին Սրբությունը հավաստիացրել է, որ Մայր Աթոռը պիտի շարունակի իր օգտակարությունը բերել մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել