Armtimes.com-ը գրում է.

Օգոստոսի 26-ին 73 տարեկանում մահացել է Երեւանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:

Ալյոշա Աբրահամյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1966-1978 թվականներին Երեւանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 եւ 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 եւ 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հեռուստահաղորդավար, ռեժիսոր, լրագրող Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա ուներ սրտի խնդիր, տեւական ժամանակ բուժվում էր:

«Ընդամենը 2 օր հետո նա կդառնար 73 տարեկան: Քեզ շնորհավորելու փոխարեն, հավանաբար այդ օրը մենք քեզ պիտի հրաժեշտ տանք: Գնաս բարով Ալյոշ ջան, երբեք քեզ չեմ մոռանա»,- նախօրեին գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել