ԱՄՆ ժամկետն անց կալանքից ազատման դիմումները քննող հանձնաժողովը տասներորդ անգամ մերժել է ազատ արձակել Մարկ Դևիդ Չեմփեինին՝ երաժիշտ Ջոն Լենոնին սպանողին, հաղորդում է New York Daily News-ը։ Նոր դիմում կալանավորը միայն երկու տարի անց կարող է ներկայացնել։

Ըստ հանձնաժողովի՝ «նրան ազատ արձակելը անհամատաեղելի կլինի հասարակության բարեկեցության և անվտանգության հետ, ինչպես նաև կարժեզրկի նրա հանցանքի լուրջ բնույթը, ինչը կխաթարի օրենքի նկատմամբ հարգանքը»։ «Քրեական գործում ասվում է, որ դա ձեր միակ հանցանքն է։ Սակայն դա չի մեղմացնում ձեր գործողությունները»,- հայտարարել են հանձնաժողովում։

Երաժշտի այրին՝ Յոկո Օնոն, հրաժարվել է մեկնաբանել վճիռը։ Նրա փաստաբան Ջոնաս Հերբսմանն ասել է, որ նա հանձնաժողովին նամակ է հղել՝ խնդրելով ազատ չարձակել ամուսնու մարդասպանին։

Ջոն Լենոնը սպանվել է 1980-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել