Դեռ երեկ երեկոյան քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, հստակ նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով Կոմունալ տնտեսության վարչության բոլոր ծառայողները, բոլոր վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները տեղումների սկզբից ևեթ կազմ-պատրաստ դուրս են եկել փողոց և մինչև ուշ գիշեր աշխատել են, և որևէ տեղում անվերահսկելի իրավիճակ չի եղել: Պարզապես անձրևը եղել է տեղատարափ և գերազանցել է կոյուղատար համակարգի թողունակության չափը, այդ իսկ պատճառով որոշ տեղերում խախտվել էին կոյուղիների կափարիչները, և ջուրը լցվել էր փողոց: Սակայն արդեն ուշ երեկոյան խախտված բոլոր կափարիչները եղել են վերականգնված, իսկ գետնանցումները՝ անցանելի:
Արդեն այսօր, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, «Հայպետհիդրոմետ»-ի ներկայացուցիչը (ավելորդ չեմ համարում ընդգծել, որ այս կառույցը հենց այն մասնագիտացած կառույցն է, որը կարող է հստակ նշել, թե տեղումներն ինչպիսինն են եղել ու ինչ քանակությամբ), անդրադառնալով երեկվա տեղումներին, նշել է, որ երեկ մայրաքաղաքում տեղացած անձրևի ծավալը հավասար է եղել գրեթե մեկ ամսվա ընթացքում տեղումների միջինացված նորմային: Այսինքն՝ Երևանում մեկ ու կես ժամում տեղացել է գրեթե մեկ ամսվա նորմայի չափ անձրև: Այս մասին ավելի մասնագիտական և խորը վերլուծական տեղեկությունների ստացման ցանկություն ունեցողներին կառաջարկեմ դիմել «Հայպետհիդրոմետ»-ին ու այլևս դադարել շահարկել թեման, առավել ևս, որ արդեն վերևում նշել եմ, որ որևէ տեղում անվերահսկելի իրավիճակ չի եղել:
Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց հասու բոլոր եղանակներով շահարկել երեկվա տեղատարափ անձրևի թեման, խորհուրդ կտամ նաև ուսումնասիրել այլ երկրների, այդ թվում նաև զարգացած եվրոպական և ամերիկյան, նմանատիպ իրավիճակները, որից հետո հենց իրենց համար առնվազն պարզ կլինի, որ քիչ չեն դեպքերը, երբ նման իրավիճակներում ընդհուպ տվյալ երկրների իշխանությունները հայտարարում են արտակարգ իրավիճակ, ինչը սակայն նման աղմուկ ու անհարկի շահարկումներ չի առաջացնում, որքան մի խումբ մարդկանց աչառու արձագանքները երեկվա երևանյան տեղատարափ անձրևի հետ կապված:
Հարգանքով՝ Արթուր Գևորգյան



