Ողնաշարում ցավը կարող է լրջորեն ազդել մարդու կյանքի որակի վրա՝ բարդացնելով նաև ֆիզիկական աշխատանքի կատարման հնարավորությունը: Կարևոր է հասկանալ ցավի առաջացման պատճառն ու պայքարել դրա դեմ հետագա բարդացումներից խուսափելու համար: Steptohealth.ru-ն ներկայացրել է 8 առողջական խնդիր, որոնք կարող են ողնաշարի հատվածում ցավի առաջացման պատճառ դառնալ:

  1. Արթրոզ: Այս հիվանդության դեպքում վնասվում են միջողնային սկավառակները: Արդյունքում առաջանում է բորբոքային ռեակցիա, որի հետևանքով՝ ցավ և շարժունակության խանգարում: Սովորաբար ողնաշարի հատվածում արթրոզը զարգանում է տարիների ընթացքում մաշվածության հետևանքով, սակայն կարող է նաև գերծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանք լինել:
  2. Մկանների գերձգում: Ողնաշարի ստորին հատվածում մկանների կամ ջլերի գերձգումը ևս կարող է ցավի պատճառ դառնալ: Այս խնդրի հիմնական պատճառն ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև՝ անսպասելի, կրկնվող գործողությունները, որոնք բնորոշ են որոշակի սպորտաձևերի: Պատճառներից մեկը կարող է նաև ավելորդ քաշը լինել:
  3. Մկանային կծկումներ: Շատ դեպքերում ողնաշարի ցավերը մկանային խնդիրների հետևանք են, որոնք կարող են նաև բորբոքման պատճառ դառնալ: Վնասվածքը կարող է առաջանալ ոչ ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև սխալ դիրքով որոշակի վարժություններ կատարելու հետևանքով:
  4. Միջողային սկավառակների ճողվածքները ևս կարող են ցավի պատճառ դառնալ, դժվարություններ առաջացնել ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում: Որպես կանոն, այս նշաններն արտահայտվում են վաղ առավոտյան կամ երկար ժամանակ նստած մնալուց հետո: Ցավի և ծակոցների զգացումը կարող է տարածվել նաև դեպի ոտքեր, հատկապես եթե վնասված է նյարդը:
  5. Մկանային թուլություն: Այս խնդիրը կարող է նկատվել անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության, սխալ սննդակարգի, անառողջ սովորությունների հետևանքով: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ողնաշարն ու հոդերը կորցնում են կայունությունը, աշխատունակությունը: Որպես հետևանք՝ ողնաշարի այդ հատվածը գերլարվում է, առաջանում է ցավ, որը տարածվում է դեպի ոտքեր և ձեռքեր:
  6. Վերարտադրողական առողջության խնդիրներ կանանց շրջանում: Վերարտադրողական առողջության հետ կապված որոշ խնդիրներ կարող են ողնաշարում ցավ առաջացնել: Որպես կանոն, այն նկատվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Այն կարող է նաև էնդոմետրիոզի և միզասեռական համակարգի վարակների հետևանք լինել:
  7. Որովայնի և աղիների հետ կապված խնդիրներ: Ողնաշարի հատվածում ցավի զգացումը կարող է վկայել նաև նյութափոխանակության համակարգի խնդիրների առկայության մասին: Ստամոքսի խոցը, փորկապությունը կարող են ողնաշարի հատվածում անհարմարության, ցավի պատճառ դառնալ:
  8. Երիկամների հիվանդություններ: Ողնաշարի ցավի դեպքում կարևոր է հերքել երիկամային հիվանդությունների առկայությունը: Որպես կանոն, երիկամների խնդիրների դեպքում ողնաշարի ցավն արտահայտվում է որպես բարդացում: Ցավը հիմնականում զգացվում է ողնաշարի ներքևի կենտրոնական հատվածում: Կարող է նկատվել նաև մեզի գույնի և հոտի փոփոխություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել