ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն իրեն բացարձակապես մեղավոր չի ճանաչում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու իրեն առաջադրված մեղադրանքում և համաձայն չէ մեղադրանքի հետ: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը:

Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ հայտարարեց, որ իրեն հասկանալի չեն մեղադրանքի հիմքերը, մասնավորապես, անհասկանալի է, թե ապացույցներից որն է վերաբերվում իր պաշտպանյալին:

Իսկ ամբաստանյալ, քաղաքական գործչի սպանության փորձը կատարելու ու ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանը մեղադրանքն ընդունեց մասնակի՝ ապօրինի զենք պահելու մասով: Նա նշեց նաև, որ ինքը սպանության փորձ չի կատարել, պարզապես վախեցրել է: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ սպանության փորձի պատվեր չի եղել, «ուղղակի վախեցրել ենք»:

Վ.Սեդրակյանի պաշտպանը բազմանշանակ հայտարարություն արեց առ այն, որ ինքը բացարկ ունի գործով դատախազի դեմ, իսկ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմինների կողմից քննվող և կիբերհանցագործությունների գործերով ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը գործով դատախազ չէ՝ ըստ ՀՀ դատախազության մասին օրենքի, դատախազը՝ Հովսեփ Սարգսյան, չէր կարող փոխվել: Արամ Ամիրզադյանն ապացուցեց հակառակը՝ օրենսդրական մանրակրկիտ էքսկուրս կատարելով: Նա ընդգծեց, որ ինքը գործով պատշաճ մեղադրող է, և որ ինքը դատավարական հսկողությունը սկսել է իրականացնել մեղադրական եզրակացությունը հաստատելուց մեկ ամիս առաջ:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհարցաքննվեն վկաները, ապա տուժողը, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները և վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Այսօր հարցաքննված միակ վկան ամբաստանյալ Խ.Պողոսյանի զոքանչ Կարինե Էլչակյանն էր: Նա հայտարարեց, որ իր փեսան շատ հավասարակշռված, շատ նորմալ մարդ է՝ այդ թվում՝ որպես ամուսին և հայր: Ըստ նրա, թմրամիջոցների օգտագործելու ու իրացմանն օժանդակելու համար դատվածությունը նրա մեծ սխալն է եղել, և ինքը դրա համար պատիժ կրել է: Ըստ զոքանչի, եթե իրեն մեղսագրվող արարքն իր փեսան արել է, ուրեմն դա արել է Վարդան Սեդրակյանի դրդմամբ, իր փեսայի միակ թերությունը ազդեցության տակ ընկնելն է: Ըստ վկայի, Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանն անձնական խնդիր ունեն, սակայն այդ մասին ավելին չցանկացավ հայտնել:

Դատարան էին ներկայացել ևս 3 վկաներ, որոնք առանց դատարանին տեղյակ պահելու, սեփական նախաձեռնությամբ հեռացել էին դատարանից: Դատական նիստին չէին ներկայացել նաև պատշաճ ծանուցված այլ վկաներ՝ բացառությամբ Պարույր Հայրիկյանի տիկնոջից ու դստերից, ովքեր կներկայանան հունիսի 1-ի դատական նիստին, մյուս վկաները բերման կենթարկվեն: Առաջիկայում դատարան կներկայանա նաև Պարույր Հայրիկյանն, ով ներկայումս Հայաստանում հետվիրահատական բժշկական հետազոտություն է անցնում:

Դատարանն այսօրվա նիստում բավարարեց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը՝ ընտանիքի անդամների հետ իր պաշտպանյալի տեսակցությունների արգելքը վերացնելու մասին՝ միջնորդության դեմ մեղադրողը չառարկեց: Դատարանը որպես վաղաժամ արված միջնորդություն որակեց ամբաստանյալներին դատաբժշկական-հոգեբանական ու նարկոլոգիական համալիր փորձաքննություն ենթարկելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կողմը ցանկության դեպքում կարող է այն ներկայացնել որպես դատաքննությունը լրացնող միջնորդություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել