«Փաստ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Նախընտրական ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցությունն արդեն այս մասին պաշտոնապես հայտարարել է:

«Ժառանգության» այս որոշումից հետո ասպարեզ են կրկին իջել տարատեսակ քննադատներ ու ավելին՝ ծաղրողներ: Թե ինչ քննադատելու, առավել ևս ծաղրելու բան կարող է լինել քաղաքական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ցանկության մեջ, առնվազն անհասկանալի է: Անշուշտ, «Ժառանգությունն» այլևս առաջվանը չէ, կուսակցությունը մի շարք ճգնաժամեր ունեցավ, այստեղից հեռացան հայտնի ժառանգականներ, սակայն եթե թողնենք այս ամենը, ապա պետք է ասենք, որ «Ժառանգության» մասնակցությունը ավագանու ընտրություններին ավելի քան առողջ որոշում է: Այստեղ, ի դեպ խնդիրը բոլորովին էլ «Ժառանգությունը» չէ, այլ ընտրությունների նկատմամբ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը: Ըստ էության՝ ներկայումս ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՔՊ–ն, ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և իհարկե՝ «Երկիր Ծիրանին», ՀՅԴ–ն շարունակում է տատանվել, չնայած, երբ ոչ վաղ անցյալում մի շարք լրատվականներ նշեցին, թե ՀՅԴ–ն կարող է չմասնակցել ընրություններին, մի խումբ դաշնակցականներ գրեթե կատաղի կերպով հակառակն էին պնդում:

Մինչդեռ լավ կլիներ, որպեսզի մասնակցեին, ավելի լավ կլիներ, որպեսզի մասնակցեին նաև՝ հանրապետականները, ի վերջո, շատ ավելի լավ կլիներ, եթե մասնակցեին հնարավորինս շատ և նոր քաղաքական ուժեր, որպեսզի ակնկալվող ժողովրդավար, առանց ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների ընտրությունները լինեն հնարավորինս մրցակցային:

Ի վերջո, իրավիճակի փոփոխության առաջնային բնորոշիչը հենց ընտրության արդյունքների անորոշությունն է մինչև ինչ–որ մի պահ՝ մինչև ընտրության ու քվեաթերթիկների հաշվարկի ավարտ: Մնացած բոլոր դեպքերում մենք գործ ունենք կանխակալության հետ, Հանրապետականներից եկած կանխակալության հետ: Հենց այստեղ է, որ պետք է տեղի ունենա հեղափոխություն, հենց այս մտայնությունն է, որը պետք է կոտրվի, որ որոշողը իշխանությունը չէ, այլ հասարակությունը, ժողովուրդը, որն էլ հենց իշխանության իրական տերն է: Երբ կունենանք այս հայեցակարգով հասարակություն, այդժամ էլ գուցե սկսենք խոսել հեղափոխության և, առավել ևս, արժեքների հեղափոխության մասին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ կրկին հասարակությունը հեռացնում է իրենից պատասխանատվությունը՝ «ամեն ինչ արդեն պարզ է» մտայնությամբ: Այդպես հեղափոխությունները չեն հաղթում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել