Անցած օրը աչքովս ընկավ մի կոչ՝ զրկել բոլոր պաշտոնյաներին ծառայողական մեքենաներից՝ թողնելով միայն վարչապետինը: Տիպիկ պրոլետարական կոչ, որի հիմքում չկա պատկերացում այդ պաշտոնյաների գործունեության մասին:
Նման մարդկանց համար պաշտոնյան ծառայողական մեքենան ծառայեցնում է աշխատանքից տուն, տնից աշխատանքի տեղափոխվելու համար:
Իսկ թե օրվա ընթացքում քանի՞ տեղ պիտի շտապ հասնի պաշտոնյան, բազմաթիվ մարզային այցերին և միջոցառումներին ո՞նց պիտի մասնակցի, չի հուզում կոչ անողներին:
Եթե պաշտոնյան ունի մեքենա, նա պետք է երեք ժամ բոլորիս պես կայանելու տե՞ղ փնտրի, որ ներկա լինի կարևոր միջոցառմանը կամ հանդիպմանը, որոնք օրվա ընթացքում մի քանիսն են:
Պիտի 5 ժամ մեքենա վարի մարզային այցի նպատակով՝ այդ ընթացքում զրկված լինելով աշխատելու, հարցեր կարգավորելու, հեռախոսազանգեր անելու ու զանգերին պատասխանելու հնարավորությունի՞ց:
Իսկ եթե մեքենա չունի, վարել չգիտի... Երևան-Կապան երթուղայինո՞վ, ասենք, տեղափոխվի... Թե՞ տաքսի բռնի ամեն անգամ, ինչը կրկնակի թանկ կլինի:
Պետական միջոցների խնայողության հարցում պետք է խուսափել մարազմատիկ կոչերից: