«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է, իսկ ԿԸՀ գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 10-ից, կավարտվի սեպտեմբերի 21-ին»,- ԿԸՀ այսօր գումարված նիստի ընթացքում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Դիտորդները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 8-ը։ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում էլ Արմեն Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն լիովին պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, պետք է սպասել արդար ընտրությունների։

Հարցին՝  արդյոք կուսակցությունները կհասցնե՞ն տեղավորվել սահմանված ժամկետում և նորմալ կազմակերպել իրենց աշխատանքները, պաշտոնյան ասաց՝  հանրության համար պարզ էր, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ինքը կարծում է, որ կուսակցություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ:

Իսկ ինչո՞վ են տարբերվելու այս ընտրությունները նախորդներից, հետաքրքրվեցին լրագրողները։ Արմեն Սմբատյանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի մրցակցային կլինեն, նոր քաղաքական պլատֆորմ է առկա, և ամենկարևորը, որ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքն այլ կլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել