Tert.am-ը գրում է.

Արտաքին քաղաքական հիմնական ուղղություններում՝ հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրի ուղղություններով նոր իշխանությունների կառավարման 100 օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին Tert.am-ը զրուցել է բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, որոշ վերլուծաբանների, քաղաքագետների կարծիքով՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում այժմ ճգնաժամ է, որոշների կարծիքով՝ խոր չհասկացվածություն: Փանիկի հայտնի դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արտահայտվեց, այնուհետև ռուսական լրատվամիջոցներով խոսակցություններ սկսվեցին զենքի մատակարարումը դադարեցնելու մասին: Ռ. Քոչարյանի կալանավորման որոշումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարությամբ հանդես եկավ, որ դա չի համապատասխանում հեղափոխության կարգախոսին, խոստումներին:

Դուք ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական ներկա հարաբերությունների վիճակը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

- Գնահատական տալը մի կողմից շատ հեշտ է, մյուս կողմից անհնար է, բայց մեր մշակույթում արագ գնահատական տալը շատ տարածված է: Բոլորը փորձում են գնահատականներ տալ, ինչը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Այդքան ժամանակ չի անցել, որ դու կարողանաս գնահատականներ տալ, բայց ինչ-որ խնդիրներ կան, որոնք արդեն կարող են մտահոգություններ առաջացնել, կարելի է խոսել դեպքերի մասին, որոնք ինչ-որ մի բան նշանակում են հարաբերություններում: Ես չէի ասի, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որովհետև այսպիսի փոփոխությունների ժամանակ լինում են պահեր, երբ հաղորդակցությունն այն մակարդակի, որակի չէ, որտեղ կարող ես մյուս կողմին հասցնել՝ ինչ է տեղի ունենում, ինչու է դա տեղի ունենում և այլն: Այստեղ ոչ այնքան դիվանագիտության, որքան կոորդինացման խնդիրն է: Ուժային, իրավական բլոկն ինչ-որ գործունեություն է անում, համոզված եմ, որ ինչ-որ տվյալներ ունեն, որ այդ գործունեությունն անում են, բայց ինչն է խանգարում մինչև գործունեությունն անցկացնելը շփվել, ճշտել, բացատրել, խորհրդակցել և նույնիսկ, ինչո՞ւ չէ, քննարկել տարբերակներ, որոնք նաև մյուս մեզ համար կարևոր կողմի լեգիտիմ շահերը կբավարարեն:

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրանք առաջադրելու մասի՞ն է խոսքը:

- Ոչ միայն Խաչատուրովի մասով: Որքան հասկանում եմ՝ այսօր նաև այդ ռուսական ընկերության («Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-խմբ.) խնդիրն է առաջացել: Այն 100 տոկոսանոց ռուսական բիզնես է Հայաստանում: Չեմ բացառում, որ կարող է ընկերության հետ կապված լինեն կաշառակերության, ոչ թափանցիկ գործունեության և այլ խնդիրներ, բայց ձևը հետևյալն է՝ եթե մենք ունենք այդպիսի կասկածներ, փաստեր, մենք առաջին հերթին հաղորդակցվում ենք: Դա միջազգային հարաբերությունների ոսկե օրենքն է, մանավանդ, երբ գործ ունես քո ռազմավարական դաշնակից երկրի հետ: Չպետք է թողնես, որ ենթադրությունների վրա կազմված լինի քո արածը, որովհետև այդ ենթադրությունները կարող են բացասական ուղղությամբ գնալ: Ինձ շատ դուր եկավ այն, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հենց սկզբում ասաց այն, ինչը պետք է պարզ լիներ բոլորիս համար 1991 թ.-ից. չկա պրոամերիկյան Հայաստան, չկա պրոռուսական Հայաստան, չկա պրոեվրոպական Հայաստան, այլ կա Հայաստան և Հայաստանի շահեր: Կողմնորոշումը լինում է սեռական փոքրամասնությունների մոտ, արտաքին գործերում կողմնորոշում չի լինում: Միակ կողմնորոշումը քո պետական ազգային շահերն են, դու դրա շուրջ պետք է կառուցես քո արտաքին գործունեությունը: Իսկ նպատակները բոլոր երկրների մոտ նույնն են՝ անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հնարավո՞ր է արդյոք գնահատել, թե ինչ արվեց այդ երկու ուղղությամբ, դժվարանում եմ ասել:

- Ճի՞շտ եմ հասկանում Ձեզ, որ հայ-ռուսական հարաբերություններում հաղորդակցության պակասի, չհասկացվածության խնդիր կա:

- Այո, կա այդպիսի խնդիր: Ինձ, ճիշտն ասած, զարմացնում է, որ այդպիսի խնդիրներ կան, որովհետև դրանք տարրական բաներ են, բոլորը գիտեն, որ հենց այդտեղից է սկսվում դիվանագիտությունը: Դու պետք է կարողանաս մյուս կողմին հասցնել քո նպատակները, և դա միայն ասելով չէ: Նիկոլ Փաշինյանը մոսկովյան հանդիպումներից հետո հայտարարություններով հանդես եկավ, բայց վստահությունը բառերի վրա չի հիմնվում: Վստահությունը տրանզակցիոն է, այսինքն՝ նայում են քո գործերին, թե դու ինչ քայլեր ես անելու: Եվ հիմա այդ պահն է, որ Ռուսաստանը հետևում է հենց այդ քայլերին, և ինչպես են իրենք մեկնաբանում այդ քայլերը: Մեր դիվանագիտությունը պետք է աշխատի նրա վրա, որ այդ մեկնաբանությունը ճիշտ ձևավորվի իրենց մոտ: Ես չեմ կարող հստակ ասել՝ ինչումն է խնդիրը, բայց թվում է, որ ցածր կոորդինացման խնդիր է: Ի՞նչ հետևանքներ կարող է այս ամենն ունենալ մեր ազգային շահերի համար, եթե նույն կերպ շարունակենք և ինչպե՞ս կարող ենք մենք պաշտպանել մեր շահերը: Ճիշտ է, առաջնահերթ է կաշառակերության դեմ պայքարը, չարաշահումների բացահայտումները և ինչու չէ, քրեական գործեր վարելը, բայց դրա հետ միասին պետք է հասկանալ, որ կան ազգային շահեր: Դու չես կարող անել քայլեր, որոնք բացասական են անդրադառնալու քո շահերի վրա: Մենք հիմա չենք գտնվում այն վիճակում, այնպիսի հանգիստ ժամանակում, որ կարողանանք հարցերին դանդաղ պատասխան տալ: Մենք պետք է շատ ճիշտ արտաքին քաղաքական գործունեություն վարել և ոչ մի վրիպում թույլ չտալ այդ ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել