Այսօրվա երիտասարդն ունի լուրջ կայացման խնդիր, թե՛ որպես անհատ, թե՛ որպես մասնագետ: Նախապես ուզում եմ նշել, որ կատեգորիկ դեմ չեմ ակումբային երիտասարդներին, քանի որ հասարակությունը բազմաշերտ է և նորմալ է, երբ բոլորը իրար նման չեն, հակառակ դեպքում չափազանց անհետաքրքրիր կլիներ: Կա մեկ այլ խնդիր, երբ բոլոր տեսակի չափերն ու սահմանները մոռացության են մատնվում, և գործի են անցնում բնազդներն ու գայթակղությունները, ինչը բնորոշ է երիտասարդներին: Բոլոր ժամանակներում երիտասարդության շրջանը համարվել է կրթության և կայացման ժամանակահատված, այսօր մի փոքր այլ է: Բացի այն, որ կրթությունը մղվել է երկրորդ պլան, իսկ կայացման մասին անգամ չեմ էլ խոսում, առաջ է եկել մեկ այլ երևույթ` ալկոհոլ, ծխախոտ և բարձր երաժշտությամբ ուղեկցվող ակումբային գիշերներ, որոնք ոչ թե կազմում են առօրյայի չնչին մասը կամ հազվադեպ են կրկնվում, այլ դրոշմվում են երիտասարդների ենթագիտակցության մեջ: Երիտասարդները անգամ չեն էլ պատկերացնում, թե իրենց անմոռանալի ժամանցը ինչպիսի առողջական վնասներ կարող է հասցնել, որոնցից շատերը երբեմն անդառնալի են: Սա քարոզ չէ կամ հակագովազդ, սա ընդամենը խնդրանք է երիտասարդներին, որպեսզի չկործանեն իրենց ապագան հանուն ակնթարթային հաճույքների: Այս երևույթը միշտ էլ առկա է եղել, ուղղակի այժմ ավելի է ծավալվել և երիտասարդացել, ինչը և իր դրոշմն է թողնելու դեռ չպլանավորված սերնդի վրա: Պետք է ընդամենը սթափ մտածել և ժամանցը կազմակերպել այնպես, որպեսզի ոչ միայն վնասներից զերծ մնալ, այլև որևէ նոր բան սովորել և հաճույք ստանալուց չզղջալ հետևանքների համար: Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն մեկն իր գլխի տերն է, կերտում կամ ոչնչացնում է իր ապագան: Մեր երկիրը մեզ չի տալիս հնարավորություն, որպեսզի մենք վատնենք մեր երիտասարդությունը վայելքների վրա և հետո ունենանք լավ աշխատանք և արժանապատիվ կյանքով ապրենք: Այսօր մենք պետք է լինենք սովորականից ավելի սթափ և կազմակերպված, եթե ցանկանում ենք գոնե մեր պլանավորածների կեսը իրագործել: Ժամանակը կանգառներ չունի, և քանի դեռ մենք չենք զգում նրա ուժն ու հզորությունը, եկե՛ք այսօրվանից կերտենք մեր ապագան, որպեսզի երբեք ափսոսանքով և թաց աչքերով ետ չնայենք` դեպի մեր անցյալ` դեպի երիտասարդություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/454673051291772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել