Ասում են՝ շուտով Երևանի 2800-ամյակն է… Չեմ հավատում… Սուտ է… Քայլում եմ Երևանով ու չեմ տեսնում, չեմ զգում, չեմ նկատում, չեմ համոզվում…
Նաև ասում են, որ Էրեբունի ամրոց կա, ասում են՝ Արգիշտին է կառուցել: Որտե՞ղ է դա...
Մի հին, անտեր, գրեթե անզբոսաշրջիկ, անտեսված, աղբոտ, գրառումներով աղտոտված, քայքայված, անշուք, չլուսավորված, մոռացված ամրոց կա բլրի վրա, կարո՞ղ է դա է… Գուցե…
Շրջում եմ Երևանով, փորձում հին հուշարձան, կառույց գտնել: Չկան… Չկա հեթանոսական, քրիստոնեական 2800-ամյակը հիշեցնող ոչ մի բան: Ի տարբերություն Թբիլիսիի, որտեղ պահպանվել են ամրոցները, Հին Թիֆլիսը, Հին Թիֆլիսի շունչն ու կոլորիտը… Նույնիսկ հայերի կառուցածը, կառուցման մասին նշումները, հիշեցումները: Ինչո՞ւ: Նրանք էլ էին, չէ՞, խորհրդային երկրում ապրել: Պատճառը ո՞րն է, որ մեզ մոտ ավերվել ու ոչնչացվել է: Դե հա, հայերը պետք է ոչնչացնեին, փշրեին, շարունակեին թուրքերի, մոնղոլ-թաթարների կիսատ թողածը, կոմունիստ ղեկավարների աչքը մտնեին, պետք է իրար ուտեին ու բողոքելով, գործ տալով, իրար վրա գրելով աքսորեին սիբիրներ՝ ամենաշատն այդ փոքր երկրի համար, առաջինը, ամենակոմունիստականը… Իրար ոչնչացնելու մոլուցքով, նախանձով, իրար ատելու, լավը, գեղեցիկը չտեսնելու, չպահպանելու, ոչնչացնելու և չգնահատելու մոլագարությամբ…
Ու դեռ շարունակում ենք: Շարունակում ենք ոգևորված իրար ատել ու ոչնչացնել…