Մերձկասպյան հինգ երկիր` ՌԴ-ն, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակը կանոնակարգող հռչակագիրը, որը բաժանում է թե ծովի մակերեսը, թե բնական ռեսուրսները: Ամենակարևորն այս պարագայում Կասպից ծովի հատակով անցկացվելիք գազամուղներն ու նավթամուղներն են:
Այս իրավական փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ադրբեջանին վերածվելու տարանցիկ միջանցքի` ղազախական ու թուրքմենական նավթի ու գազի համար: Երկար տարիներ քննարկվող Տրանսկասպյան գազամուղը` Կասպից ծովի հատակով, որով թուրքմենական գազն ադրբեջանական ենթակառուցվածքներով արտահանվելու է ԵՄ, կարող է կյանքի կոչվել:
Ադրբեջանը դառնում է էներգետիկ-տրանսպորտային միջանցք Կասպից ծովի երկու ափերի համար. Տրանսկասպյան միջանցքը թույլ կտա Չինաստանին Ղազախստանի ու Ադրբեջանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով դուրս գալ ԵՄ ու Թուրքիա, իսկ Թուրքմենստանն Ադրբեջանի էներգետիկ լոգիստիկան կօգտագործի, ՌԴ-ից ու Չինաստանից բացի, իր էներգակիրները նաև այդ նոր ուղղությամբ թուրքական և այլ շուկաներ արտահանելու համար:
Ադրբեջանը վերածվում է կապող կամրջի Արևելք-Արևմուտք ուղղությամբ ու նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է նաև տարանցիկ միջանցքի` թյուրքական աշխարհի համար:
Պանթուրքիստական և պանիսլամական Էրդողանի նկրտումներն այժմ ավելի մեծ հենք ու իրավական հիմնավորումներ կստանան. Անկարան այժմ լոբբինգ է անելու, որպեսզի ղազախական, թուրքմենական էներգակիրներն Ադրբեջանի տարածքով արտահանվեն Թուրքիա: Դրանով Անկարան կնվազեցնի իր էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ինչպես նաև տարանցիկ միջանցք կդառնա կասպյան էներգակիրների համար դեպի Արևմուտք: