”...երբ իրադարձությունները ծածկված են երկաթյա վարագույրի հետևում, թվում է, թե դրանք չկան էլ իսկի... սովետ միությունում տարեկան աստված գիտե, թե քանի ինքնաթիռ էր ընկնում, իսկ մենք դրա մասին իմանում էինք, եթե զոհվողը հարազատն էր, ազգականն ու հարևանը... կամ թե մի ամբողջ հավաքական...

... ու թվում էր, թե սովետում ինքնաթիռները չեն ընկնում, չեն բախվում գնացքներն ու նավերը չեն խորտակվում...

... երբ տարիներ անց օրեց-օր լսում ես նախկին սովետի տարածքում այստեղ-այնտեղ խորտակվող ինքնաթիռի, ցխվող գնացքի ու սուզվող նավի մասին, արթնանում են հին ու նոր վախերդ, արթնանում են ու մոռացնել են տալիս, որ ավիացիան, ա՛խր, եղել ու մնում է տրանսպորտի ամենահուսալի միջոցը...

...էս օրերին աչքս ու ականջս խեղդում է մեր բանակին անիծողների հեծեծանքը... լսում եմ ու հասկանում անիծողին... զգում եմ նրա վախը... վախը՝ իր կամ ուրիշի զավակի համար... հասկանում եմ ու ափսոսում, որ անիծողն անեծքից էն կողմ գնալու ուժ չի գտել իր մեջ... ափսոսում եմ, որ էսքան թույլ մարդ կա շուրջս... որ հուսահատությունը շուրջս խեղդել է էնքան պայծառ միտք ու ջերմ սրտեր, որ քիչ է մնում մի անեծք էլ իմ շուրթերից պոկվի...

... բայց ես երկու ապագա զինվոր եմ մեծացնում... Աստված պահի... ու շուրթերն անեծքով պղծելու շքեղությունը թողնում եմ ուրիշներին...

...ես էլ եմ վախենում, բայց վախս ուզում եմ դառնա միտք, հավատ ու փոփոխություն
...էնքան միտք, որ վախս ինձ հասկանա, ես՝ վախիս...
...էնքան հավատ, որ վախս ինձնից վախենա էնքան, որքան, ես եմ վախենում իրենից...
...էնքան փոփոխություն, որ նրանք ում համար վախենում եմ, չվախենան...


Միտքը.

... երեխա էի, քանդեցի մորս ֆենը, որովհետև չէր աշխատում (պարզվեց աշխատող էր, էլեկտրականությունն էին կտրել մի կես ժամով)... մաքրեցի ու հավաքեցի... ահագին դետալ ավելացավ... ֆենը մի քիչ աշխատեց, ծուխ հանեց ու մնաց միայն իմ հիշողություններում... հիշում եմ, սիրուն հավաքեցի, դրեցի տեղը, որ իսկի չիմանան էլ, որ քանդել եմ... «հերձումը» ցույց տվեց, որ ֆենը «սարքել են» ու սարքողին էլ երկար փնտրելու կարիք չեղավ...

... աշխարհի ցանկացած բանակ մեր օրերում սթրեսների գործարան է... զինվորն անցնում է բանակի մսաղացով, որը կոտրում է նրան, դարձնում հնազանդ կատարող... ցանկացած հրամանի... նաև մարդ սպանելու... իսկ մարդ սպանելուց դժվար բան չկա... բնությունը բավարար հոգեբանական պատնեշներ է դրել, որ իրար չկոտորենք-չուտենք տեղի-անտեղի... ու բանակը ջնջում է էդ պատնեշն ու զինվորին դարձնում մեքենա... դարձնում հրաման կատարող՝ ագրեսիվ կատարող... ուրիշ բան մարդկությունը, ավա՛ղ, դեռ չի հնարել...

... Էս մսաղացով անցնողի համար փոխակերպումը ահավոր ցավոտ է... բանակը պատանու հոգին քանդում է ու հավաքում նորից... ցավո՛ք, միշտ չէ, որ հավաքում է ինչպես հարկն է...

...էդպես են բանակներն ու նրանց, երբեմն, փինաչի քանդող-հավաքողները...
...համոզվելու համար բավական է ինտերնետում փնտրել, ասենք. «army suicide rate» արտահայտությունը,...

...էս երևույթը չի խնայում ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրի բանակ... ահավասիկ.

... Ֆրանսիական բանակում 1997-2000 թվերին տեղի է ունեցել 230 ինքնասպանություն՝ 18.2 հարյուր հազար զինծառայողի հաշվով... ինքնասպանության հիմնական միջոցը հրազենն է՝ 51%...

... գրեթե քառորդ միլիոնանոց գերմանական բունդեսվերում 2010թ. ինքնասպան է եղել 23 զինծառայող՝ այսինքն 100 հազարից՝ 9.2-ը...

...ԱՄՆ բանակում 2007 թվին ինքանասպան է եղել 115, 2008թ.՝ 143 2009թ.՝ 160 զինծառայող... 2009-ին ԱՄՆ բանակում արձանագրվել է նաև 146 մահվան դեպք՝ սպանության, թմրադեղերի չարաշահման և այլ պատճառներով...

.... 2010թ. միայն հունիս ամսին ինքնասպան է եղել 31իսկ հուլիսին՝ 32 զինծառայող...

…1713 ամերիկյան զինծառայող ինքնասպանության փորձ է արել... Աստծո ամեն օր, ամերիկան հինգ զինվոր փորձում է ինքնասպան լինել... ավաղ՝ 20.2 մարդ 100 հազարից , մինչդեռ ԱՄՆ հասարակությում ինքնասպանությունների թիվը կազմել է 19.5՝ հարյուր հազարից...

...տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկում՝ Իսրայելի բանակում վիճակը նույնքան մտահոգիչ է... ինքնասպանությունն այս բանակում մահվան թիվ մեկ պատճառն է... 2005թ. իսրայելական բանակում ինքնասպան է եղել 35, 2009թ.՝ 21, իսկ 2010-ի առաջին կեսին՝ 19 զինծառայող...

...բանակներում ինքնասպանությունների թիվը շարունակաբար աճում է...

...մի ցավալի փաստ ևս. զինծառայողների շրջանում ինքնասպանություններն թերևս ավելի հաճախ են, քան քաղաքացիական բնակչության մեջ... պատճառները խորն էն...

... երբեմն լսում եմ, որ բանակում քաղաքացին «պետության տնօրինությանն է հանձված», ուստի էստեղ պետությունն է պատասխանատու նրա կյանքի համար ու դժբախտ պատահարներն էլ, համապատասխանաբար, պիտի ավելի քիչ լինեն, քան քաղաքացիական կյանքում... մի գուցե, բայց բանակը, ավաղ, ազնվազարմ օրիորդների դպրոց չէ, այլ պատանու հոգեբանությունն ու կամքը մամլող մեքենա, ագրեսիայի ինկուբատոր... ու միշտ չէ, որ հրամանատարներն ունեն էն պատրաստությունն ու պարտքի զգացումը, որ զինվորին մամլելով՝ չթույլատրեն, որ խեղվի նրա մարմինն ու հոգին...

... սա էն գինն է, որ վճարում ենք կրակե գնդակի տակ քարե գնդակի վրա մեր թոռների տեղն ապահովելու համար... ինչպես որ վճարել են մեզանից առաջ ու վճարելու են մեզանից հետո...


Հավատը.

...տեխնիկական տնօրեն էի... հույները հին լիմոնադի ցեխից կոկա-կոլայի արտադրամաս էին ուզում ստանալ մինչև թարմ սարքավորումը հասներ... բլած наливатели ու նույնքան բլած խցան խփող հաստոցի բռի տակ լցված շշերի ահագին մասը պայթում էր... ապակին ցրիվ էր գալիս չորս կողմը... բանվորներն անվտանգության կանոնները առանց ծեծ ուտելու պահպանել չէին սիրում... քանի գիշերները լուսացրել եմ Միքաելյան հիվանդանոցում, մինչև բուժքույրը հերթական «հերոսին» ապակեզերծում էր ու կարկատում... մինչև էսօր էլ վստահ եմ, որ եթե բանվորին կարկատում են, մեղավորը անցումն ու հին տեխնոլոգիան են, բանվորներին հետևելու տեղակ մատակարարմամբ զբաղվող տեխնիկական տնօրենը, մեկ էլ էդ անտեր ակնոցն ու թիկնոցը բրախած ու մռութը լոթիավարի ապակուն դեմ արած բանվորը...


...ամերիկացիները բանակում բռնության պատճառները բացահայտելու և զինծառայողների հոգեկան առողջության խնդիրները կարգավորելու համար 400 հազար զինվորի շրջանում հետազոտություն են արել ու հույս ունեն, որ բանակն ու հոգեկան առողջության կենտրոնը 50 միլիոն դոլար ծախսելով մինչև 2013 թվականը կգտնեն ռիսկերն ու կկարողանան կրճատել ինքնասպանությունների թիվը...

… ամերիկացիք առանց քաշվելու 2009թ. բանակում ստեղծել են «Ինքնասպանություների կանխման աշխատանքային խումբ» ու զեկույց հրապարակել , ինքնասպանությունները կանխելու համար զինվորների, հրամանատաների, ընտանիքների, քաղաքացիականների համար դասընթացներ ու տեսանյութեր մշակել...

... ապրեն ամերիկացիք... իրո՛ք... սովորելու բան ունենք... ինչու՞ չենք սովորում... իրենք էլ նոր-նոր են սկսել սովորել... էս ամեն ինչը մի քանի տարվա պատմություն ունի ընդամենը...

...էլ որ օրվա համար են հրապարակով խրոխտ քայլող մեր կապելանները... իրենք ահավոր շատ բան ունեն անելու ու անելու համար շատ բան ունեն սովորելու...

... շատ բան ունենք սովորելու IDF-ից, իսրայելացիներն էս առումով շատ բան են արել... կարծում եմ շատ բան փոխելով հող կստեղծենք կանանց պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտ ներդնելու համար...

...հայաստանի հասարակությունը դեռ չի հասունացել բանակից հետո զորացրվածների ինքնասպանությունների մասին խոսելու համար... կարծում եմ էս ուղղությամբ էլ սովորլու ու անելու շատ բան ունենք...

... հավատում եմ, որ ճանապարհը դժվար է, բայց հաղթահարելի, ուրիշները միլիոններ են ծախսում, մեզ մնում է սովորել նրանցից ու նրանց սխալներից ու հաջողություններից...


Օրհնությունը.

...փորձագետ էի ... Տատս ամեն անգամ ինձ արտասահման ճամփա դնելիս ասում էր. «Աստվածածինը հետդ, բալես...» Տատի վախերը փարատելու համար կատակին էի տալիս. «ա՛յ Տատ, բայց իր համար տոմս չկա ախր, ինքնաթիռում ոտքի վրա՞ մնա խեղճը...» ախմախ էի, չէի հասկանում, որ ավիացիայի հուսալիությունից անտեղյակ տատի սիրտը ճամփա գնացող թոռան համար իր վախն էս ձևով փոխակերպում էր օրհնանքի, հիմա եմ հասկանում...

... հիմա հասկանում եմ որ հարազատի համար վախը օրհնանք է ծնում, ծնում է, բայց ոչ միշտ ու ոչ միայն օրհնանք... վախը օրհնանքի վերածելու համար ուժ է պետք ու միտք... ոգով ու մտքով տկարին հաճախ ուրիշ ոչինչ չի մնում, քան վախը անեծք դարձնելը...

...որովհետև վախենում են բոլորը, բայց իմաստունի վախը օրհնություն է ծնում, իսկ հիմարի վախը՝ անեծք...

... էսպես ավելի հեշտ է... անիծելու համար մեծ սիրտ պետք էլ չէ իսկի... միայն լեզուն էլ հերիք է...

...երբեմն էլ, անեծքն օրհնանքից առաջ է ընկնում ու օրհնանքը խեղդվում է իրենից առաջ օրհնող բերանից ելած անեծքի ծխում...

...հատկապես, երբ անիծում են ոչ թե մեղավորին, այլ մի մեղավորին հարյուր անմեղի հետը խառնելով...
... երբ անծում են նրան, ով անեծքից անտեղյակ, խրամատի անքուն գիշերում դեմքին ամեն վայրկյան շնչող մահվան դիմաց պահպանում է անիծող-օրհնողի քունն ու հանգստությունը...

... բանակն անիծելը նույնն է, ոնց կյանքի դժվարություններից հուսահատ՝ քեզ աշխարհ բերած մորդ հայհոյելը... որ բերել ու գցել է դարդ ու ղավի մեջ...
... ամենից առաջ պիտի դադարենք անիծել... նաև՝ նվնվալ...
... սեփական փորձից եմ ասում, անեծքը բումերանգի պես բան է, նախ հարվածում է զոհիդ, հետո հետ դառնում՝ գլխիդ զարկում...

... վշտերի ու վախերի ծովի դեմ պիտի զինվել ու դիմադրելով՝ վերջ տալ բոլորին...
... Էդպես հաստատ հոգեպես ավելի ազնիվ է, ինչպես կասեր օղորմածիկ Համիկը...
... վերջ տալ մտքով, հավատով ու գործելով...
... նաև օրհնելով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել