․․․Օվալաձև աշխատասենյակի հանդիպումից հետո նախագահները պատասխանում են լրագրողների մի քանի հարցերի։

Հարցուպատասխանից անմիջապես հետո սկսվում է երկու նախագահների առանձնազրույցը։ Նախագահները քննարկում են երկկողմ հարաբերությունները։ Քննարկվում են տարածաշրջանային խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության հետ կապված հարցեր։ Տեր-Պետրոսյանը նշում է, որ Հայաստանն ԱՄՆ-ից խնդրում է ոչ միայն մարդասիրական օգնություն, այլ կոնկրետ զարգմացմանը միտված ծրագրերի ֆինանսավորում։

Տեր-Պետրոսյան - Բիլ Քլինթոն հանդիպման արդյունքում երկու նախագահները համատեղ հայտարարություն են ընդունում։ Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երբևէ ամենաբարձր մակարդակով ընդունված հայտարարությունն է, որը բովանդակային առումով ամբողջացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների էությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

Image may contain: 5 people, people standing, wedding, suit and shoes

«Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնը և Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվել են շարունակել իրենց ջանքերը խաղաղության և անվտանգության հաստատման համար Կովկասյան տարածաշրջանում: Հայաստանի՝ 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եւ Հայաստանը ամրապնդել են իրենց հարաբերությունները։ Միացյալ Նահանգները առաջին պետությունն էր, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնեց իր դեսպանատունը: Նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը կարևոր քայլ է, որն ի ցույց է դնում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության ամուր կապը: Նախագահ Քլինթոնը եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հրատապ լուծում գտնելու անհրաժեշտությունը: Միացյալ Նահանգները ողջունում է վերջերս հաստատված հրադադարի պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել 1994 թվականի հուլիսի 27-ին կողմերի միջև։ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում են, որ միայն ԵԱՀԽ Մինսկի խմբի միջոցով աշխատելով է անհրաժեշտ հասնել հակամարտության խաղաղ կարգավորման եւ ընդգծել, որ անհրաժեշտ է համակարգել բոլոր միջնորդական ջանքերը: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում առաջընթացը, որ Հայաստանն իրականացնում է ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, ազատ շուկայական տնտեսության կառուցման գործում և վերահաստատում է իր հանձնառությունը՝ օգնել Հայաստանին հաղթահարելու խոչընդոտները, ամբողջապես իրագործելու տնտեսական բարեփոխումները:

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

Երկու նախագահները խոստացել են պաշտպանել եւ խթանել այն արժեքների զարգացումը, որ երկու երկրները կիսում են ու որոնք պարտադիր են ժողովրդավարական հասարակության համար:

Նախագահ Քլինթոնը եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել են, որ Հայաստանի կայունությունը և նվիրվածությունը ժողովրդավարությանն ու տնտեսական բարեփոխումներին կարեւոր ներդրում են կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման համար:

Image may contain: 4 people, people smiling, suit, night and indoor

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու և միջազգային քաղաքական տնտեսական կառույցներին լիարժեք ինտեգրվելու պատրաստակամությունը: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությանը եւ բարգավաճմանը կարելի է հասնել միայն Հայաստանի ժողովրդավարությամբ:

Նախագահ Քլինթոնը եւ նախագահ Տեր-Պետրոսյանը համաձայնել են աշխատել միասին՝ նպաստելու երկկողմ առևտրին ու ներդրումներին: Մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են առեւտրին և ներդրումների խրախուսմանը, արդեն ստորագրվել են, և կողմերը պատրաստակամ են ստորագրելու համաձայնագիր՝ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ։

Image may contain: 5 people, people standing, suit and wedding

Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնում մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության համար, որը տրամադրվում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի առջեւ ծառացած այս դժվարին պայմաններում:

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին իր ռազմավարական պաշարներից Հայաստանին ցորեն տրամադրելու համար: Պայմանավորված ընդհանուր քաղաքական, տնտեսական և անվտանգության շահերով Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը հիմք են դնում ամուր և երկարատեւ հարաբերություններին:
Բիլ Քլինթոն, Լևոն Տեր-Պետրոսյան»:

Շնորհակալ եմ Վահրամ Կաժոյանին բացառիկ լուսանկարների համար։

Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցին սպասելով՝
Սուրեն Սարգսյան

Շարունակելի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել