2015թ.-ից ի վեր, որի ընթացքում եղել է աղբամաններում հրդեհների բռնկման 42 դեպք, աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արամ Թանքարյանը՝ այսօր «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«2016թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018.-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»,- ներկայացրեց փոխնախարարը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելով Երևան քաղաքում աղբահանության և աղբամանների հրդեհային անվտանգության խնդիրները՝ ԱԻ փոխնախարարը շեշտել է, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին: Քննարկվել է նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը:
«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը հայտնել է, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ: