Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ:

Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը:
Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել