Ժաննա Ալեքսանյանը չի այցելել զոհված զինվորի տուն«Ես այդ գյուղ չեմ այցելել ու դա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունի: Ես կարծում եմ, որ իմ անվան շուրջ շահարկումներ են սկսվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, լրագորղ Ժաննա Ալեքսանյանն անդրադառնալով Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան առիթով առաջացած զարգացումներին:   Հիշեցնենք, որ զինվորի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երեւան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Ավելի ուշ, զոհված զինվորի ծնողներին ընդառաջ է գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջինիս հետ զրույցից հետո, զոհված զինվորի ծնողները որոշել են իրենց որդու դին ետ տանել գյուղ եւ հուղարկավորել : Այս թեման այսօր նաեւ սոցցանցերի քննարկման թիվ մեկ լուրն է: Բլոգեր Տիգրան Քոչարյանը` Փիղ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել. «Ախր գրում եք սաղ գրեք, գրեք գիշերը ով ա  «իրավապաշտպաններից» գնացել սպանված զինվորի ծնողների տուն ու հորդորել դիակը բերել Երևան, ասեք ինչի համար ա զինվորը զենք հանում ու կրակում զինակիցների վրա: Կամ հերքեք այդ քաղաքով ակտիվ պտտվող լուրերը…. »: Համաձայն այդ շրջանառվող լուրերի, սպանված զինվորի տուն գիշերային այցելու իրավապաշտպանը եղել է «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Ես կարծում եմ, որ նման սուտ տեղեկատվություն տարածողների նպատակն իմ անվան շուրջ շահարկումներ սկսելն է եւ դա անում են պաշտպանության նախարարության կամ զինվորական վերնախավի արբանյակները: Այդ մարդիկ փորձում են ինձ ներքաշելով արդարացնել իրենց պահվածքը կամ իրենց չարածը, այն, ինչը որ իրենք պարտավոր էին անել, արդարացնել նման բաներով: Ես խնդրում եմ, որ նման ստահոդ տեղեկություններ տարածողները փոխեն իրենց ենթադրությունների ոլորտը եւ ուղղությունը: Ի դեպ, կարծեմ զոհված զինվորի ծնողներին այցելել է Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ)»,- մեզ հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել