Գերակայություններից մեկը տապալվեց
   
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց «Կառավարության ծրագիր» անվանումով մի ծրագիր: Հիմա, երբ մոտենում է կառավարության գործունեության 100-րդ օրը, ճիշտ ժամանակն է տեսնելու, թե այդ նպատակային կոնկրետ ցուցանիշներից զուրկ փաստաթղթից ինչն է կատարվել: 

Հիշեցնենք, որ այդ ծրագրով տնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանը գերակա էր հայտարարել երեք ճյուղ՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը:

Առաջին՝ ՏՀՏ ճյուղի զարգացման ուղղությամբ նախորդ կառավարությունների կողմից, սկսած 2000 թվականից, բազմաթիվ քայլեր են արվել, որոնք էլ տվել են որոշակի արդյունք. ոլորտն անցած տարիներին դարձել էր Հայաստանի տնտեսության ամենաարագ՝ տարեկան մոտ 20 տոկոսով աճող ճյուղերից մեկը: Հետեւաբար այստեղ մնում է միայն մի բան՝ այդ ամենը վերագրել «թավշյա» հեղափոխականների կառավարությանը: 

Երկրորդ ճյուղի՝ գյուղատնտեսության առնչությամբ նույնպես նպաստավոր գործոններ կային՝ եղանակային բարենպաստ պայմանները, որի շնորհիվ մայիսին արդեն իսկ բարձր բերք կար, եւ ազգային վիճակագրական ծառայության կողմից այս ճյուղի ցուցանիշները սուբյեկտիվորեն ավելի բարձր ցույց տալու հնարավորություն, ինչը արվեց անցած երկու-երեք ամիսների ընթացքում: 

Այսինքն՝ այստեղ եւս «սիրո եւ հանդուրժողականության» կառավարությունը կարող էր իրեն ազատել զարգացման քայլեր անելուց, որի կարիքը գյուղատնտեսությունն ուներ, բայց որը կարճաժամկետ առումով վերոնշյալ կառավարությանը չի հետաքրքրում:

Մնում է միայն մի ճյուղ, որտեղ իներցիային կամ եղանակային պայմաններին չես կարող ապավինել, իսկ վիճակագրական ցուցանիշներ «ապահովելու» համար որոշ ժամանակ է պահանջվելու: Դա զբոսաշրջությունն է: Բնականաբար, հենց այստեղ էլ կատարվում է այն, ինչ պետք է տեղի ունենար «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» եւ հեղափոխական կառավարության «գործունեության» հետեւանքով։

Այսպիսով՝ համաձայն ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 686 հազար զբոսաշրջիկ կամ նախորդ տարվա առաջին վեց ամիսների համեմատ 10,2 տոկոսով ավելի: Թվում է, թե հրաշալի է, զբոսաշրջիկների այցելություններն ավելացել են, բայց ոչ: 

Այս տարվա՝ 2018-ի առաջին երեք ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 346 հազար կամ 16,1 տոկոսով ավելի նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ: Այսինքն՝ Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճի տեմպը նվազել է գրեթե 6 տոկոսով (5,9 տոկոսով): Ավելին՝ այս տարվա երկրորդ եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունները նվազել են առաջին եռամսյակի համեմատ: Սա այն դեպքում, երբ ապրիլ-հունիս ամիսները Հայաստան այցելությունների համար ավելի նպաստավոր զբոսաշրջային սեզոն է, քան հունվար-մարտ ամիսները:

Ազգային վիճակագրական ծառայությունը նախկինում հրապարակում էր զբոսաշրջային այցելությունները նաեւ ըստ եռամսյակների: Այս անգամ ծառայությունը այդպես չի վարվել, ինչը բնական է՝ հաշվի առնելով նրան տրվող պատվերը: Սակայն մենք եւս կարող ենք թվաբանական գործողություններ կատարել: 

Եթե վեց ամիսների ընթացոում Հայաստան է այցելել մոտ 686 հազար զբոսաշրջիկ, իսկ առաջին երեք ամիսներին՝ 346 հազար, ապա միայն երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան այցելածների ցուցանիշը իմանալու համար առաջին ցուցանիշից պետք է հանենք երկրորդը: Ստացվում է 340 հազար զբոսաշրջիկ ապրիլ-հունիս ամիսներին: Այսինքն՝ զբոսաշրջության համար առավել նպաստավոր ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 6 հազարով կամ 2 տոկոսով: 

Ընդգծում ենք, սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե մենք «թավշյա հեղափոխության» շնորհիվ եղել ենք աշխարհի ուշադրության կենտրոնում, որ հիմա զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից «ափալ-թափալ» գալու են, որ տեսնեն, թե այս ինչ երկիր է, որ այսպիսի հեղափոխություն է արել, մի խոսքով՝ համարյա «Նոր Վասյուկի»: Ի՞նչ եղավ իրականում: Եղավ այն, ինչ պետք է լիներ:

Զբոսաշրջիկների մեծ մասը ցանկանում է հանգստանալ խաղաղ եւ հանգստի համար նպաստավոր պայմաններ առաջարկող երկրում, այլ ոչ թե հեղափոխություններ եւ ցնցումներ ապրող երկրում: Հայաստանը դարձել է ոչ կանխատեսելի եւ նրանց համար հնարավոր վտանգ պարունակող երկիր: Համենայն դեպս, այդ մասին իրենց քաղաքացիներին հեղափոխության օրերին զգուշացրել էին երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները: 

Զբոսաշրջության այս կացությունը ինչպե՞ս կփոխվի առաջիկայում: Հավանաբար Ազգային վիճակագրական ծառայությունը այստեղ էլ պետք է «մեթոդաբանական» ելք գտնի եւ սկսի ցույց տալ զբոսաշրջիկների այցելության այլ՝ նկարված թվեր, այլապես զբոսաշրջության նորանշանակ ղեկավարը պատկերացում անգամ չունի, թե ինչպես, որ երկրների հետ եւ ինչ ձեւով պետք է աշխատել, հետեւաբար պատկերը վատթարանալու է: 

Սա նշանակում է, որ զբոսաշրջային ողջ ինդուստրիան՝ հյուրանոցներ, սրճարաններ, հանգստի տներ, հուշանվերներ պատրաստողներ եւ վաճառողներ, նաեւ մյուսները հայտնվելու են ծանր վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել