Երեկ գործի բերումով արագ պետք է մայրաքաղաքի կենտրոնում մի կետից մյուսը հասնեի, մի «մինիմալաչափ» (600 դրամ) տարածություն: Այն էլ ասեմ, որ եթե «մինիմալ» է, սովորաբար 100 դրամ ավել եմ վճարում: Օպերայի մոտ կայանած տաքսիստի հետ շփումն այսպիսին ստացվեց:
- Բարև Ձեզ, ազա՞տ եք։
- Ո՞ւր եք գնալու:
Ասում եմ: Նա միանգամից ու անսակարկելի, թե.
- 1000 դրամ:
- Լավ, չկա, չկա, թող քո ասածը լինի (շտապում եմ, ուշանալ չեմ սիրում, պետք է):
Քիչ անց՝ արդեն մեքենայի մեջ:
- Լավ, տալու եմ Ձեր ուզած 1000-ը, բայց ի՞նչն է խնդիրը, որ այս կարճ տարածության համար անցել եք 1000 դրամի:
- «Մինիմալով» ձեռ չի տալիս:
- Ինչ-որ բա՞ն է փոխվել, որ «ձեռ չի տալիս»:
- Հա, սաղ թանկացել ա...
- Օրինակ՝ ի՞նչը՝ գա՞զը, բենզինը...
- Ախպեր, սաղ: Զապչաստները, օրինակ: Բայց մենակ ավտոյի հետ կապված չէ: Ուտելիքն ա թանկացել, միսը, բանջարեղենը...
- Զատո բանանն էժանացել ա...
Էստեղ վարորդի հույզերը հասան եռման կետին, մի քանի ոչ մեջբերելի բանահյուսական նմուշներ արտաբերելուց հետո կամ դրանց հետ զուգորդված՝ տաքսիստը, թե.
- Կարո՞ղ ա գիտես՝ կապիկ եմ, որ սաղ օրը բանան ուտեմ...
- Դե, կառավարույթունը, իշխանավորներն են ասում՝ էժանացել ա (համառեցի ես):
- Ախպեր, իրենց էլ ասա, թող էդ բանանը (բանահյուսություն) էժանա ա, էժան չի, ինձ (բանահյուսություն), թող (բանահյուսություն) իրանք ուտեն: Ես մսակեր եմ...
--
Գուցե սխալվում եմ, բայց, օրինակ, երևանյան տաքսիստների՝ թեկուզ հիպերբոլացված ու մշտապես դեզոյի վրա «նստած» տրամադրությունների տատանումներից կարելի է որոշ չափով պատկերացում կազմել, թե ասել-խոսելիքի ինչ միտումներ կան:
Նման «կարո՞ղ ա գիտես՝ կապիկ եմ, որ...» ֆրազը թեթևակի սթափության հակվելու նախանշան է, կարծում եմ:
Չնայած մյուս կողմից հանրությանը էյֆորինի նոր չափաբաժիններ են սպասվում: Տեսնենք...