Yerkir.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացնել Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբեյանը:

Նա նշեց, որ փաստաբանների խումբն աշխատում է բողոքն ամբողջական տեսքի բերելու վրա, և եթե ինչ-որ բան չփոխվի, այսօր արդեն մուտք կանեն դատարան:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա, հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել