Նոյեմբերյանի զորամասում զոհված զինվորի՝ Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր պատրաստվում էին նրան հողին հանձնել զինվորին վայել կարգով, սակայն գիշերը տեղի ունեցած ինչ-որ բան փոխել է նրանց մտադրությունը: Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը զրույցում նշեց, որ երեկ երեկոյան` մայիսի 17-ին, մասնակից է եղել Լյուքս Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը, որին մասնակցել են ինչպես համագյուղացիներ, այնպես էլ զինվորականներ: «Այսօր ժամը 12-ին պետք է լիներ վերջին հրաժեշտի եւ թաղման արարողությունը, պետք է զինվորին վայել թաղում լիներ: Սակայն երբ առավոտյան ժամը 8:30-ին գնացի իրենց տուն, հասկացա, որ ինչ-որ բան է փոխվել: Հայրը հայտարարեց, որ իր երեխային այսօր չի թաղելու»,- ասաց նա:
Ռուբիկ Ղուկասյանը նաեւ նշեց, որ կողքի խոսակցություններից հասկացել է, որ երեկ ընտանիքին է այցելել զինվորի հիմնախնդիրներով զբաղվող հասարակակական կազմակերպության ներկայացուցիչ, ով էլ հենց հիմք է դարձել որդուն հուղարկավորելու մտադրության փոփոխության: «Ես նրան չտեսա, կողքի խոսակցություններից հասկացա այդ ամենը: Երբ եկա աշխատանքի, իմացա, որ բերում են որդու դին Երեւան: Երբ գնացի նորից այնտեղ` հետ համոզելու, զինվորի հայրն ասել է` դու էլ իմ թշնամին ես: Իմ երեխուն տարել ես բանակ, տուր իմ տղուն, եթե չէ, իմ դեմ մի կանգնի»,-ասաց նա: Գյուղապետը նշեց, որ ինֆորմացիա չունի, թե նրանք որտեղ են հասել: Մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր ժամը 12:00-ին լիներ, սակայն զինծառայողի հայրը որդու դին Երեւան է բերել` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից մահվան իրական պատճառը պարզելու համար: Հարազատները ճանապարհից պնդում են, որ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց տեղաշարժին դեպի Երեւան, սակայն նրանք անտեսելով առաջ են շարժվում: Սեյրան Օհանյանը գնում է նրանց ընդառաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել