Այս պահին Երևան-Մարտունի մայրուղու վրա` Գավառի մոտ, թեժ իրավիճակ է սպանված զինվորի, ոստիկանության և ՊՆ աշխատակիցների միջև:

Ճանապարհային ոստիկաններն ու զինվորական մեքենաները փորձում են փակել նրանց ճանապարհը, սակայն վերջիններս, նրանց հետ վիճաբանելով, փորձում են առաջ շարժվել։ 

Դեպքի վայր են սլանում բազմաթիվ ՊՆ և ՃՈ մեքենաներ, որպեսզի արգելեն զինվորի դին Երևան բերելը: 

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի զորամասում օրերս սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները նրան բերում են Երևան` Կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի: 

Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինսի ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրակիան պատճառները և պահանջում են լսել ճշմարտությունը: 

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ի՞նչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ և խլեց Լյուքսի կյանքը»,-HayNews.am-ի հետ զրույցում ասել է հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաև Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

Հիշեցնենք, որ 15.05.2013թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել