Քոչարյանի ու Խաչատուրովի շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկի ներքո ամենայն հայոց հեքիմը որոշեց քայլ ձիով անել՝ ազատելով Արա Մինասյանին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրենի պոշտոնից։ Ի՜նչ խոսք, անվենդետտա ու հեմրաշխասիրային Հայաստանում անակնկալ զարգացում չէր, բայց ես ուզում եմ վերլուծել խնդրո տեղեկատվական բաղադրիչը, որը սև փիառի ու ինֆորմացիոն ռեպրեսսիաների դասագրքում կարելի է ներառել։

Իրականում՝ այս արշավի առաջին օրից մինչ այսօր, Առողջապահության նախարարությունն ու յուր ղեկավարը ոչնչի վրա այդքան ռեսուրս ու ժամանակ չեն ծախսել, ինչքան մեդիայում ու սոցցանցերում անձնավորված ու թիրախավորված տեղեկատվական պատերազմի վրա, որտեղ կիրառվում էր պրոպագանդայի ողջ գործիքակազմը։

Եկեք սկսենք թվերից․ ի սկզբանե արշավի մեխը նրանում էր, որ հասարակության մոտ ենթագիտակցական մակարդակի վրա ձևավորվի «փաստ», ըստ որի՝ Մասիվի հիվանդանոցում աստղաբաշխական ծավալի յուրացումներ են եղել։ Ընդ որում՝ հետևողականությունը, արժանահավատությունը ու որևէ կոնկրետ թվի առկայությունը պարտադիր էլ չէ, պարտադիր էր, որ «Մասիվի հիվանդանոցում փողեր են կերել» պնդումը սպառողի մոտ դառնա մանտրա։ Ու զարմանալի չէ, որ ամենայն հայոց հեքիմի ամեն հայտարարությունում նոր թվեր էին շրջանառվում․ սկզբում շեշտ էր դրվում հիվանդանոցին հատկացված 5 միլիարդ թվի վրա (հասարակ սպառողներից շատերի մոտ հենց այս թիվն էլ ֆիքսվում էր, որպես «թալանված»), հետո այդ թիվը դարձավ 1 միլիարդ, հետո՝ 280 միլիոն, հետո՝ 500 միլիոն․․․ և այսպես շարունակ։ Կարևոր չէր կոնկրետիկան ու հիմնավորումները, կարևորը քարոզչության տեսանկյունից այն էր, որ մանտրան հնչի ու դա արվի պարբերաբար (շաբաթը 1-2 անգամ առնվազն)։

Ի՞նչն է ուշագրավ այս ամենում․ իրականում՝ դեռ ոչ մի փաստ էլ չկա, ապացուցված մեղավորության մասին խոսք էլ չկա, որովհետև անգամ գործ չի հարուցվել առայժմ։ Այն ամենը, ինչին մենք ականատես էինք լինում վերջին շաբաթներին, դա զուտ Արսեն Թորոսյանի անձնական մինի խաչակրաց արշավանքն էր ու դրա շրջանակներոմ տարվող տեղեկատվական պատերազմը ընդդեմ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ու անձամբ դրա տնօրենի՝ Արա Մինասյանի դեմ։ Ասեմ ավելին, կարող է շաբաթներ հետո պարզվել, որ ԱՆ ստուգման արդյունքները, որոնք ներկայացվել են դատախազություն՝ առհասարակ հանցակազմ չեն պարունակում, բայց էդ ինֆորմացիան կլինի հայտնի խոսքի միջի կարմիր ձուն, որը Զատկից հետո ոչ մեկին պետք չէ։

Այն, որ նման զարգացում միանգամայն հնարավոր է, հուշում է այն պարզ փաստը, որ ԱՆ-ը և անձամբ Թորոսյանը արդեն աչքի ընկել են դիլետանտիզմով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ ամենայն հայոց հեքիմը «սենսացիոն ապացույց» էր ներկայացրել․ նույն մարդը մի քանի օր շարունակ հոսպիտալացվել էր ու բուժում էր ստացվել։ Շատերն են հիշում այդ դրվագը, բայց քչերն են հիշում ու անգամ ուշադրություն չեն դարձրել, որ հետո պարզվեց, որ այդ մարդը պարզապես հարբեցող էր ու զապոյի մեջ մի քանի օր շարունակ ալկոհոլային թունավորումով հոսպիտալացվել է։ Հասկանալի է, որ մանկական դագաղիկների բիզնեսի մասին հեգնող մեր հեքիմը գուցե ավելի ընդունելի կհամարեր, որ այդ զազրելի ալկոհոլիկին թողնեին մահանար, ինչևէ․․․ Մեկ այլ դրվագում բոլոր հեքիմներից ամենադեդուկտիվը, ի ապացույց չարաշահումների պարզել էր, որ հիվանդանոցը ավանդներ է բացել բանկում։ Ճիշտ է, капитан очевидность-ը մեղմիկ շրջանցել էր այն փաստը, որ ինչպես ցանկացած բուժհաստատություն, Մասիվի հիվանդանոցը այնպես չէ, որ միայն պետպատվերով է աշխատում ու չի կարող եկամտային մաս չունենալ՝ միանգամայն լեգալ, կարևորը իրողությունը չէր, այլ անհրաժեշտությունը՝ քարոզչական արշավի կոնտեքստում;

Չի կարելի ասել, որ Թորոսյանենք խիստ հաջողել էին այս ամենում, բայց դե իրենց սև գործն արել էին՝ շուրջ երկու ամիս գրեթե հանապազօրյա ռեժիմով հեծեծալով զարհուրելի չարաշահումների մասին։ Առհասարակ՝ խամ մարդու մոտ տպավորություն կարող էր ստեղծվել, որ մի Հայաստան, մի Մասիվի հիվանդանոց՝ էլ խնդիրներ ունեցող տեղ չկա մեր առողջապահական համակարգում։ Բայց Թորոսյանը չդիմացավ։ Երևի վախեցավ, որ ևս 1-2 կիքս ու բացթողում, ևս մի քանի անգամ թվի փոփոխություն, ևս մի երկու արագ հերքվող «խախտում», ու այս պատմությունը կարող է ի վնաս իրեն շրջվել, դրա համար էլ, ենթադրում եմ, սպասեց հարմար պահի, երբ հանրության ուշադրություն շեղված կլինի, իսկ մասամբ էլ՝ թեժացած ու արեց իր քայլը։ Այլ հարց է արդեն, որ նման կացնային մեթոդներով չարաճճիությունները մարսելը դժվար է, շա՜տ դժվար, որովհետև բումերանգի կանոնը դեռ ոչ մեկ չի չեղարկել ու վաղը նույն Թորոսյանը կարող է հայտնվել իրավիճակում, երբ առանց էական փաստերի, այլ զուտ մանիպուլյացիաներով ու սև փիառով իր դեմ արշավ կարող է տարվել, որի տակից ինքը դուրս եկող չի՜։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել