Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ ազդրի կտրած վերք։ 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտայի 29/10 հասցեում գործող գրավատան դիմաց տեղի ունեցած վեճի ժամանակ։ 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ 

Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ գրավատան տնօրեն Բաբկեն Մելքոնյանը։ 
Բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ 37-ամյա Մելքոնյանը հուլիսի 26-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին։  

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել