Armenpress.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Լոս Անջելես այցի շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելեսի այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես  կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։

Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդելի քաղաքապետարանի դահլիճում, տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ։ 

ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել