Երեւի շատերդ կհիշեք, որ ժամանակին բարձրաձայնում էի այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է լուրջ արդյունքներ գրանցել բացառապես այն դեպքում, եթե մեր ընտրանու ղեկը վստահվի գերմանացի կամ ռուս՝ բարձրակարգ մասնագետի: Վերջերս Երեւանի Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց ռուս ճանաչված մասնագետ Անդրել Տալալաեւը: Բավական կարճ ժամանակահատվածում Տալալաեւին հաջողվել է ստեղծել շատ համակրելի թիմ, որը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում վստահորեն առավելության հասավ Եվրոպայում ոչ վերջին դերերում գտնվող Վարդարի նկատմամբ: Հարցն այն չէ, թե արդյո՞ք Փյունիկին կհաջողվի, Տալալաեւի գլխավորությամբ, հաղթահարել Եվրոպա լիգայի որակավորման՝ թեկուզ երկրորդ փուլը, կամ առհասարակ, հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլում: Հարցն այն է, որ Փյունիկի նորանշանակ գլխավոր մարզիչը իրեն լավագույնս դրսեւորել է նաեւ Ռուսաստանում եւ համարվում է լավագույն մասնագետներից մեկը: Վստահ եմ՝ եթե Տալալաեւը շարունակի աշխատանքը Փյունիկում, ապա հաջորդ մրցաշրջանում կարող ենք ոչ թե երազել, այլ ականատեսը լինել նրան, թե ինչպես է հայկական ակումբը հանդես գալիս եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Վերադառնալով շարադրածիս սկզբին՝ ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը, որը կձեւավորվի սեպտեմբերին, պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս մասնագետի վրա: Առաջարկում եմ, գոնե Ազգերի լիգայի խաղարկության ավարտից հետո, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել հենց Անդրեյ Տալալաեւին: Եթե ֆեդերացիայի նոր ղեկավարությունը ճիշտ կատարի ընտրությունը, ապա վստահ եղեք, որ շատ շուտով մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Սա ասում եմ ամենայն լրջությամբ: Փոխանցեք պարոն Վանեցյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: