Գլխավորի մասին
Ազգությամբ Հայ և արտասահմաններում որպես լուրջ անհատականություն ձևավորված և տվյալ երկրի պետության, հասարակության կողմից ընդունված ու լայն ճանաչման արժանացած որևէ ականավոր մարդու մասին խոսելիս` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նա որպես անհատականություն, որպես մարդ ձևավորվել է Հայաստանից դուրս, այսինքն՝ այդ մարդը Հայկական երևույթ չէ, Հայկական միջավայրի ծնունդ չէ, Հայկական միջավայրը, Հայ հասարակությունը չի նպաստել, չի գնահատել և կանաչ լույս վառել այդ ազգությամբ Հայ մարդու վերելքի ճանապարհին։ Արդյոք Շառլ Ազնավուրը, Այվազովսկին, մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խանփերյանցը․․․ և բազմաթիվ այլ նշանավոր ազգությամբ Հայ մարդիկ, կունենային նույն բախտն ու ճակատագիրը, եթե նրանք իրենց գործունեությունը շարունակեին իրենց Հայրենիքում՝ Հայաստանում։ Այս հարցի պատասխանը միանշանակ է․ Գուրգեն Տեր-Մովսիսյանը, Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը և հարյուրավոր այլ Հայ մարդիկ, որոնք չեն զիջել վերոհիշյալ Ազգությամբ Հայ ականավոր մարդկանց ոչ իրենց կամքի ուժով, ոչ իրենց մտքի փայլով, խորաթափանցությամբ ու համարձակությամբ, ոչ հասարակության կողմից, ոչ էլ պետության կողմից, ում ապահովության համար նրանք չեն խնայել իրենց կյանքը, չեն արժանացել իրենց գործունեությանը համարժեք գնահատականի։ Հակառակը, նրանցից շատերին հասարակությունը չի հասկացել իր տգիտությամբ, մեղադրել է, քննադատել, հայհոյել․․․ պետությունը, եթե պայմանականորեն պետություն անվանենք բոլոր տարիների իշխանություններին, հետապնդել ու շատերին չեզոքացրել է ֆիզիկապես, քանզի այս մեծությունների աստղի լույսի տակ նրանց չնչինությունը առավել տեսանելի էր շրջապատի համար, և որպեսզի լինեին իրենք՝ միջակ ու ստոր իշխանավորները, պիտի չլինեին մեծ, լուսավոր ու համարձակ մտքերը․․․ Դառը ճշմարտությունն այն է, որ Հայկական հասարակությունը՝ Հայկական միջավայրը երբեք բարենպաստ չի եղել տաղանդավոր ու հայրենանվեր մարդկանց համար, այլ իր տգիտությամբ, իր՝ միջակներին հատուկ ինքնահավանությամբ ու ստորությամբ փակել է նրանց ճանապարհը և փորձել ամեն գնով լռեցնել նրանց․․․ ԵՎ այսօր, երբ շատերը փորձում են հպարտանալ արտասահմաններում իրենց փառավոր կարիերան կերտած և ականավոր դարձած հայերով, նրանք ակամա խոստովանում են Ռուսական, Ֆրանսիական, Ամերիկյան․․․ հասարակությունների սրտաբացությունն ու մեծահոգությունը՝ միաժամանակ բացահայտելով իրենց, իրենց պետության, հասարակության մանրախնդրությունը, փոքրոգությունն ու նախանձավառ հակումները․․․ ԵՎ այս դժբախտությունը բոլոր ժամանակներում եղել է մեր առաջընթացի, մեր ազգային լավագույն և նվիրական երազանքների գլխավոր արգելակիչը․ մեր ամբողջ պատմության ընթացքում մեզ ղեկավարել են տգետ, շահամոլ ու մանրախնդիր մարդիկ, որոնց հենց մեր հասարակությունն է բարձրացրել իր շահամոլությամբ ու մանրախնդրությամբ՝ վստահելով այդ ապիկարներին մեր ու մեր սերունդների ներկան ու ապագան․․.