Iravunk.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է Մայր Աթոռում վեհարանի առջեւ վրաններ խփած Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախաձեռնության անդամները շարունակում են իրենց շուրջօրյա անհնազանդության ակցիաները՝ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի գլխավորությամբ: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ժամը» լրատվականի եթերում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ շեշտեց, որ միանշանակ բացասական է վերաբերում այս երեւույթին:
- Որոշակի միտվածություն եմ տեսնում ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկելու գործընթացների մեջ, որովհետեւ այսօր արդեն այդ նախաձեռնության անդամները հայտարարում են, թե Վազգեն Առաջին կաթողիկոսը, Գարեգին Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսները ոչ թե ընտրվել են հավատավոր եկեղեցականների հանրության կողմից, այլ ԿԳԲ-ի նշանակվածներ են: Սա հիվանդ մտքի կամ աղանդավորական ուղղության հետեւություն է, որն արվում է այս թիմի կողմից: Նման մարդկանց, ովքեր ամբողջությամբ ուզում են վարկաբեկել Հայ Առաքելակյան եկեղեցին ոչ միայն հոգեւորական, այլեւ հոգեւոր չէի համարի: Կարծում եմ, որ Աստվածաշունչն այդ խորհուրդները չի տալիս եւ Աստվածաշնչով տոգորված մարդը այդ քայլերը չպետք է անի, որովհետեւ արդարության համար պայքարն այդ ենթատեքստը չունի: Ես հստակ ուղղվածություն եմ տեսնում այդ խմբի կողմից Հայ Առաքելայան եկեղեցին եւ Հայոց բանակը վարկաբեկելու, որովհետեւ իրենք ասում են, թե Վազգեն Սարգսյանը կաշառք է վերցրել եւ Գարեգին Երկրորդին նշանակել է կաթողիկոս: Ավելի անհեթեթ, ավելի վտանգավոր միտք, չապացուցվող,անհնարին է պատկերացնել, որ դատի տաս, հետո 10 միլիոն պահանջես, ասելու են՝ դատի տվեց:
- Հատկապես, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվում է փակ, գաղտնի քվարկությամբ՝ հենց հոգեւոր դասի կողմից...
- Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսը ընտրվում է առաջին հերթին 70 տոկոս հոգեւոր դասի մասնակցությամբ, դրանք արքեպիսկոպոսներ են, եպիսկոպոսներ, վանահայրեր, 30 տոկոսը կազմում են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր եւ աշխարհիկ ընտրյալներ ամբողջ աշխարհից: Եվ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվում է կաթողիկոսը: Էջմիածնի Մայր տաճարում դռները փակվում են, դու մոմ ես վառում, համբուրում ես Սուրբ խաչը, համբուրում ես Ավետարանը, որից հետո քվեարկում ես: Եթե այդ մարդիկ հավատում են, որ եկեղեցու այդքան ընտրյալներ, այդքանից հետո կարող են կաշառքով ընտրել կամ ԿԳԲ-ի ցուցումով, ուրեմն՝ իրենք Հայ Առաքելական եկեղեցին համարում են ԿԳԲ-ի գործակալ: Նման բան որեւէ աղանդավոր իրեն թույլ չի տվել, նման բան որեւէ թշնամի իրեն թույլ չի տվել: Ու իրենք ինչի՞ն են խփում, խփում են բանակին ու հավատին, որ ի՞նչ խնդիր լուծեն, ո՞ւմ է ձեռնտու սա: Էդ զինվորը, որը սահմանին կանգնած է, էլ ի՞նչն է պաշտպանելու, չէ որ Ավարայրում մեր զինվորը մեր հավատքն էր պաշտպանում: Եթե այն հրամանատարը, որը տարածքներ է գրավել, կաշառքով կաթողիկոս է ընտրել, ու Վեհափառ Հայրապետը, որն այսօր հայ եկեղեցում է, կաշառքով է ընտրված կամ ԿԳԲ-ի գործակալ է, այդ երկրի զինվորը ո՞ւմ համար է ծառայելու: Այ, էս նախաձեռնության անդամներով պետք է զբաղվի ազգային անվտանգությունը: Սա ազգային անվտանգության գերկարեւոր վտանգ սպառնացող նախաձեռնություն է, որն այսօր, չգիտես ինչու, որոշել է քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել վեհարանի շենքում: Սա անթույլատրելի է եւ միանշանակ պատժելի արարք: