ԶԼՄ-ներից մեկը գրեց, որ 300 հազար դոլար է ուզել՝ Հայաստանի տնտեսական զարգացմամբ զբաղվելու համար։ Հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրեց, որ Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Թեման մինչև հիմա քննարկվում է։
Հիմա եկեք տրամաբանենք։ Եթե Աճեմօղլուն պիտի նորմալ զբաղվի մեր տնտեսությամբ՝ ինչ-որ ֆորմատով աշխատի Հայաստանի համար, ժամանակ ու ռեսուրս տրամադրի, ոչ թե «ձեռի հետ» մի քանի հերթապահ խորհուրդ տա, դա փող է։ Իրեն հարգող ոչ մի տնտեսագետ անգամ 2 օր անվճար չի աշխատի, որովհետև ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։
Երկրորդ, Հայաստանի տնտեսությամբ նորմալ զբաղվելը ենթադրում է առնվազն մի քանի ամսվա լուրջ աշխատանք։ Հիմա, եթե Հայաստանում միջին կարգի բանկի տնօրենը ամսական 15-20 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Աճեմօղլուի նման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետը, ըստ ձեզ, ինչքա՞ն պիտի գնահատի իր աշխատանքը։
Էնպես որ, եթե անգամ Աճեմօղլուն որոշի տեղը տեղին զբաղվել ՀՀ տնտեսությամբ, պիտի 300 հազարից էլ շատ ուզի։ Ու ճիշտ էլ կանի։ Մարդը իր աշխատանքի ու իր անվան արժեքը գիտի, ու իրեն փող պահանջելու համար մեղադրելը իդիոտություն է։
Ավելին ասեմ, էն մտածելակերպը, թե թույն մասնագետները զուտ հայրենասիրական նպատակներով երկար ժամանակ նվիրված կաշխատեն կառավարությունում՝ չնչին աշխատավարձով, սխալ է ու տանելու է խնդիրների։
Մարդը ինչքան էլ հայրենիքը սիրի, չի կարող մոռանալ, որ ընտանիք ունի, ծախսեր, վարկի մարումներ և այլն։ Ու եթե սեփական բիզնես չունի, չի կարող երկար դիմադրել 1 մլն դրամ աշխատավարձով մասնավոր ֆիրմայում աշխատելու առաջարկին, ու 200 հազար դրամով առավոտից իրիկուն տքնի պետական կաբինետում, վերջում էլ թուքումուր ուտի։
Էնպես որ, Աճեմօղլուին մի պահ մոռանանք ու ֆիքսենք, որ էս պահին իշխանության ամենակարևոր խնդիրը պետական ծառայողներին արժանապատիվ աշխատավարձ ապահովելն է։ Նախկինում էդ խնդիրը լուծվում էր կաշառքով կամ ծրարով սև աշխատավարձերով։ Եթե դա վերացել է, աշխատանքն էլ դարձել ավելի ծանր, ուրեմն մի բան պետք է մտածել։