Քեռուս տղան ինձանից 16 տարի փոքր է և ես հաճախ առիթ եմ ունենում համեմատականներ անցկացնելու այօրվա երեխաների մանկության և իմ սերնդի մանկության միջև։ Տարբերությունները բազմաթիվ են, երբեմն ինձ թվում է, որ միակ նմանությունը թերևս կայանում է նրանում, որ մանկության տարիներին մենք էլ երեխա ենք եղել։ Ուզում եմ մասնավորապես խոսել այնպիսի մի առանցքային երևույթի մասին, ինչպիսին խաղն է։

Խաղը մարդու կենսագործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում։ Հատկապես մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային պրոցեսսների հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։ Սակայն չեմ ուզում այս գրառումը վերածել տարիքային հոգեբանության ձանձրալի լեկցիայի։ Փոխարենը, եկեք հիշենք ինչ խաղեր էինք մենք խաղում երբ երեխա էինք։ 

Իմ մեջ հատկապես տպավորվել են մի քանի խաղ։ Իմ հիթ շքերթը բանցում է «Պառոլ» խաղը։ Առաջին հայացքից, այս խաղը դաժան կարող է թվալ, որովհետև տղաներով բաժանվում էինք երկու թմերի, պահում էինք մեկական գաղտնաբառ, այնուհետև փորձում էինք «գերել» հակառակորդ թմի խաղացողներին ու տանջանքների միջոցով կորզել գաղտնաբառը։ Խաղը որպես կանոն ավարտվում էր, հենց գերիներից մեկը լացում էր։ Այս խաղի արդյունքում մեր բակի տղաները սուբլիմացնում էին փոխադարձ ագրեսսիան, իսկ եթե այլ բակերի տղաների հետ կռիվ էր լինում՝ մենք դառնում էինք միացյալ մարմին ու լավ էլ կռիվ էինք անում, որովհետև չէինք վախենում էդքան ծեծ ուտելուց, հետո էլ կռվել էինք սովորում։
Վստահ եմ, բոլորդ էլ հիշում եք «Հավալա»-ն, որը կարելի էր խաղալ թե բակում, թե դպրոցում։ Հավալան շատ զվարճալի լինելուց բացի օգտակար էր, որովհետև պահաանջում էր որոշակի ճարպկություն, ինչպես նաև իրենից ներկայացնում էր տարբեր խաղերի էլեմենտների համակարգ։ Չգիտեմ դուք ինչպես, բայց մեր դասարանի տղերքով մինչև 6-7-րդ դաասարան հաաճույքով խաաղում էինք այս խաղը։

Դժվար թե գտնվի մարդ, ով չի խաղացել «Պախկվոցի» կամ դրա ավելի բարդ ու պմբակային տարատեսակը՝ «Հալամուլան»։ Սրանք այն խաղերն են, որոնք հատկապես հավես էր խաղալ և´ աղջիկներից, և´ տղաներից բաղկացած թմով։ Անձամբ ես շատ էի սիրում հալամուլան, չնայած, պախկվոցուց էլ չէի դժգոհում։ Նման խառը թմային պոպուլյար խաղեր էին նաև «Բռնոցին» ու «Փսիխը», որոնք խաղում էին թե բակերում, թե դպրոցում։

Մեր բակում միշտ էլ եղել է ֆուտբոլի դաշտ, որովհետև բակի ժողովուրդը միահամուռ կերպով թույլ չտվեց, որ խառը տարիներին մեր բակի ֆուտբոլի դաշտի տեղը ավտոտնականեր կառուցվեն, ուստի ֆուտբոլի մասին խոսք չկա, մենք նույնիսկ համաթաղամասային առաջնություններ էինք ունենում։ Սպորտային ու կիսսպորտային այլ խաղերն էլ քիչ չէին՝ «Չլիկ դաստան», «Յոթ քարը», աղջիկների «Ռեզինը», «Բադմինտոնը» և իհարկե՝ «ԳորԾՆԱգորԾը»։

Իսկական բում արեց Մարիո համակարգչային խաղը, բոլոր երեխաները երազում էին Նինթենդո կամ Դենդի ունենաալու մասին, իսկ բոլոր համար ու անհարմար անկյուններում մասսայապես բացվել էին կոմպյուտրանոցներ։ Նման տարածում ուներ նաև ղումարբազության էմբրիոնային վիճակը՝ դոնալդ խաղալը…

Էհ, ինչ լավն էր մեր մանկությունը, նունիսկ առանց լույսի ու այսօրվա առատ հնարավորթույունների։ Էսքան գրեցի-գրեցի, մեկա, չկարողացա թվարկել բոլոր այն խաղերը, որոնք մենք խաղում էին, բան չասեցի «Կլասսի», «Ճաշարանի», հոլի, և բազմաթիվ այլ խաղերի մասին։ Իսկ այսօրվա երեխեքը համակարգիչների ու հեռուստացույցի դիմացից զոռով են վեր կենում, իսկ վեր կենալու դեպքում էլ չունեն նորմալ մանկական խաղերի այն հարուստ ցանկը, որից մենք այդքան հաճույքով օգտվում էինք։

Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ ճիշտ են ասում. «Չկա չարիք՝ առանց բարիք»։ Երբ մենք երեխաներ էինք, չունեինք այսօրվա ընձեռած հնարավորությունների ու հարմարությունների 1/10-րդ մասն անգամ, բայց վստահ եմ, որ ավելի հարուստ ու հագեցած մանկության տարիներ ենք ունեցել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել