ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:

Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:


Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել