Մեր իշխանական-տնտեսական համակարգում այնքան սուր է ադեկվատ ու խելացի մարդկանց պակասը, որ անգամ այնպիսի պատասխանատու մախինացիան, ինչպես գազի գնի թանկացումն է, չեն կարողանում այնպես անցկացնել, որ հենց հաջորդ օրը բազմաթիվ հարցեր ու դժգոհություններ չծագեն։ Հետո էլ ընկնում են, սկսում են իրենց արած հարամության տակից դուրս գալ, հարցը դեմագոգիայի ու քաոսի հարթություն տանել, որպեսզի ժողովուրդը կորցնի պատճառահետևանքային կապեր գտնելու ունակությունը, պատմության սկիզբն ու վերջը:
Օրինակ՝ այսօր խելացի բան է ասել Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մեծ գումարներ է օգտագործում արձակուրդների, աշխատավարձերի, շենք-շինությունների, հանգստի, էլիտար պայմանների վրա, ուստի այստեղ պետությունն իրավունք ունի օպտիմալացման խնդիր դնել՝ ելնելով ՀՀ տնտեսության իրավիճակից, գոնե բարոյական տեսանկյունից մոտենալ հարցին և պետք է անդրադարձ կատարվի նրան, թե ում հաշվին է այդ լավ կեցությունն ապահովվում:
Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ մենք այլընտրանքային գազի աղբյուրների մասին չենք մտածում, իսկ կառավարության կողմից սուբսիդավորելու մասին հայտարարությունը անհասկանալի որակեց, որովհետև պարզ չէ, թե ինչ միջոցներով է կառավարությունն այդ սուբսիդավորումն անելու:
Մյուս կողմից էլ ունենք Խոսրով Հարությունյանի խոսքը, ով հայտարարում է․ «Գազի գնի բարձրացման դեպքում սոցիալական խնդիրն ակնհայտ է, սա նշանակում է սպառողական զամբյուղի կտրուկ աճ։ Եվ սա բերելու է գների բարձրացման, ինչը բավականին բարդ խնդիր է»: Ու հաշվի առնելով այս հայտարարության ֆոնին Հարությունյանի կողմից հնչեցրած մեկ այլ պնդումը, թե գազի գնի թանկացումը կապված չէ Ռուսաստանի քաղաքականության հետ, կարելի է դատել, որ Խոսրով Հարությունյանը կամա, թե ակամա փաստում է, որ ստեղծված ու ստեղծվելիք պրոբլեմների համար պատասխանատուն հենց մեր հայրենի, հալալ-զուլալ ՀՀԿ-ական կառավարությունն է ու «ՀայՌուսգազարդը»․․․ Զավեշտալի է լսել նման մտքեր ՀՀԿ-ականից, ինչևիցե, վստահ եմ, որ նա դիտավորություն չի ունեցել հազարից մեկ ճիշտ բան ասելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/307341162732988?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել