Վերջերս համացանցում հաճախ եմ հանդիպում գերմանական ֆուտբոլի` մասնավորապես «Բավարիայի» երկրպագուների կողմից արտահայտվող ֆուտբոլային ագրեսիայի: Պատճառը միանշանակ է: Գերմանական ֆուտբոլն այժմ ակնհայտ վերելք է ապրում, ինչի վառ ապացույցն այն է, որ այս տարվա ուժեղագույն ակումբները դարձան Դորտմունդյան եւ Մյունխենյան ակումբները: Բնական է, որ այս թիմերի երկրպագուները պետք է ուրախանան, եւ դա նորմալ է, երբ այս կամ այն ֆանատի սիրելի թիմը հաղթանակ է պարգեւում իր երկրպագուների բանակին եւ այն էլ այնպիսի հաղթանակներ, այնպիսի հզոր թիմերի նկատմամբ, ինչպիսիք են իսպանական գրանդները: Դրա համար ենք բոլորս ֆուտբոլ սիրում եւ դիտում, քանի որ այն առաջին հերթին գեղեցիկ է իր մոլեռանդ եւ նվիրյալ երկրպագուներով, որոնք պաշտում են իրենց թիմերի հաղթանակները եւ տխրում են ցանկացած պարտությունից հետո: Սակայն այն, ինչ նկատվում է վերջին շրջանում, դա ավելի շատ նմանվում է մանկապարտեզային մտածելակերպին, ասենք երբ որ մի մանուկ մյուսին ասում է` «Իմ պապան քո պապայից ուժեղ է»: Նրանցից ոմանք ակնհայտ հակակրանք են տածում այն թիմերի նկատմամբ, որոնք վերջին տասնամյակում են սկսել հավակնել լուրջ մրցանակների, եւ այդ առաջընթացի հիմնական պատճառը այն աստղաբաշխական գումարներն են, որոնք ներդրվել են այդ թիմերում իրենց նոր սեփականատերերի կողմից: Գիտեք ի՞նչ, պարոնայք: ՖՈՒՏԲՈԼԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՄԻԱՅՆ ԽԱՂ ՉԷ, ԱՅՆ ԼՈՒՐՋ ԲԻԶՆԵՍ Է, ԵՒ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՅԱՏԵՒԵԼ ԱՌԱՆՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ: Իհարկե, այն ընդամենը խաղ է, երբ դուք բակում ձեր ընկերների հետ գնդակ եք գլորում, անգամ երբ դուք սկսնակ ֆուտբոլիստ եք եւ դեռ խաղում եք ինչ-որ ակումբի 3-րդ կամ 2-րդ թիմում, բայց ոչ այսպիսի բարձր մակարդակի վրա: Ֆուտբոլը երբեք չի կարող գոյատեւել առանց միլիոնների: Ինքներդ դատեք, որտե՞ղ են հիմա Դեպորտիվոն, Լիդս Յունայթեդը, Նոթինգեմ Ֆորեստը կամ իմ ամենասիրելի թիմ Արսենալը: Շատերն ասում են, որ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը իր տարիների ընթացքում այդպես էլ չունեցավ արժանի մրցակից: Միանշանակ համաձայն չեմ, քանի որ եթե Արսենալին ֆինանսապես «չնեղեյին», ապա Արսեն Վենգերը հիմա կշարունակեր Սեր Ալեքսի մղձավանճային երազը մնալ: Հիշեք, թե Վենգերից կրած հերթական պարտությունից հետո ինչ աստիճանի բարկացավ շոտլանդացին, որից հետո ողջ աշխարհի առաջատար պարբերականների առաջին էջերում հայտնվեց այս պատկերը:
Էդ որ ասում եք՝ «Բավարիան» ուժեղ է միայն իր կադրերի շնորհիվ եւ երբեք մեծ գումարներ չի ծախսում, բա ինչո՞ւ չեք հիշում, ինչո՞ւ եք մոռանում Արիեն Ռոբենին, ում համար ձեր թիմը գրեթե 40 միլիոն դոլար վճարեց: Արդյունքում, հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին խփած Ռոբենի ֆենոմենալ գոլը թիմին դուրս բերեց եզրափակիչ, հենց «Ռեալի» դարպասին խփած նրա 11 մետրանոց հարվածը թիմին դուրս բերեց եզրափակիչ եւ իհարկե «Բարսելոնային» նրա խփած 2 գոլերը վճռորոշ դեր խաղացին, որպեսզի «Բավարիան» 3-րդ անգամ վերջին 4 տարում հայտնվի եզրափակչում, քանի որ առաջին խաղում նա հաշիվը դարձրեց 3-0 եւ վճռեց ելքը, իսկ 2-րդում նրա խփած հիանալի գոլը վերջնականապես կոտրեց «Բարսելոնային»: Իսկ Ֆրանկ Ռիբերի՞ն: Ֆրանսիացու համար «Բավարիան» եւս մոտ 40 միլիոն դոլար վճարեց: Այս տարիների ընթացքում առանց «սպիով մարդու» թիմը եւս չէր հասնի այսպիսի հաջողությունների: Իհարկե «Բավարիան» նաեւ իր սեփական, ինչպես սիրում են ասել «աճեցրած», կադրերի շնորհիվ էլ է ուժեղ, սակայն հիշեք, թե ուր էր «Բավարիան» մինչ 2008-2009 թվականները: Թիմը գրեթե 10 տարի չէր կարողանում հաղթահարել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի արգելքը, իսկ երբ թիմի ղեկավարությունը, հասկանալով, որ ժամանակները փոխվել են, ծախսեց վերը նշված` գրեթե 80 միլիոն դոլարը (ավելի հստակ` 50 միլիոն եվրո, 25-ական ֆրանսիացու եւ հոլանդացու համար), թիմը դարձավ ուժեղագույններից մեկը: Այնպես որ, պետք չէ կարծել, որ մնացած թիմերը միայն միլիոնների շնորհիվ են հասնում հաջողության, իսկ ձեր «Բավարիան», կրկնվեմ, միայն «սեփական արտադրության կադրերի» շնորհիվ: Իսկ այն, որ «Բավարիայում» շատ են գերմանացի հրաշալի ֆուտբոլիստները, պայմանավորված է նաեւ նրանով, որ Գերմանիայում, ասենք ի տարբերություն Անգլիայի եւ Իտալիայի, այնքան էլ շատ չեն հզոր ակումբները, եւ երկրի գրեթե բոլոր ֆուտբոլիստների առաջնային նպատակը «Բավարիա» տեղափոխվելն է: Իհարկե «Բավարիանբ» միշտ էլ ունեցել է մրցակից, բայց ոչ ստապիլ: Տարբեր տարիներին դրանք եղել են «Շտուտգարտը», «Շալկեն», «Վերդերը», հիմա էլ «Բորուսիան»: Իսկ այդ թիմերի առաջատար խաղացողները միշտ տեղափոխվել են «Բավարիա», օրինակ` Հիլդեբրանդ, Քլոզե, հիմա նաեւ Գյոտցեն, գուցե նաեւ Ռոյսն ու Լեւանդովսկին: Իսկ պատկերացնում եք` ինչ կլիներ, եթե ասենք «Մանչեսթեր Յունայթեդում», բացի իր աստղերից, խաղային նաեւ Գարեթ Բեյլը, Թեո Ուոլկոտը, Սերխիո Ագուերոն, Յայա Տուրեն, Ֆրենկի Լեմպարդը եւ Սթիվեն Ջերարդը: Հենց այս 2 գործոններն են Բավարիայի հաջողության գլխավոր գրավականները` որ Բունդեսլիգայի բոլոր լավագույնները ի վերջո հանգրվանում են Մյունխենյան թիմում, եւ որ թիմը միշտ էլ, ի տարբերություն այլ ակումբների, կարողանում է ճիշտ գնումներ կատարել` փողերը քամուն չտալով: Բայց փաստը փաստ է, որ առանց միլիոնավոր գումարների «Բավարիան» այդպես էլ կշարունակեր մնալ առաջատարների ստվերում:
Ինչ վերաբերում է հարուստ ակումbների նկատմամբ ձեր կողմից արտահայտվող ագրեսիային, ապա ասեմ, որ ԵԹԵ ԴՈՒՔ ԻՍԿԱԿԱՆ ՖՈՒՏԲԱԼԱՍԵՐ ԵՔ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ՈՒՐԱԽ ԵՒ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՔ, ՈՐ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ, ԻՍԿ ԵԹԵ ԴՈՒՔ ՏԽՐՈՒՄ ԵՔ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԱՅԺՄ ԿԱՆ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ, ԱՊԱ ԴՈՒՔ ԻՍԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐ ՉԵՔ: Երկար տարիներ աշխարհի թիվ մեկ մարզաձեւում եղանակ էին ստեղծում մի քանի թիմեր՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Յուվենթուս», «Միլան», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» եւ «Բավարիա»: Իսկ հիմա՞: Ինքներդ դատեք, դեռ 10 տարի առաջ ո՞վ կարող էր մտածել, որ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում առանց հաղթելու եւ միայն մեծ դժվարության շնորհիվ կհաղթահարի ՊՍԺ-ի արգելքը, որ Պրեմյեռ Լիգայի չեմպիոն կհռչակվի Մանչեսթերյան ակումբը, բայց ոչ «Յունայթեդը», որ «Չելսին» մեկ տարվա ընթացքում կնվաճի տարվա 2 գլխավոր ակումբային մրցանակները: Ընդ որում ձեր ասած հակաֆուտբոլային թիմ «Չելսին» եւս ունի իր «հայրենական արտադրության» կադրերը եւ միայն թանկարժեք գնումների շնորհիվ չի, որ հաղթում է, եւ այդ կադրերը ոչ պակաս «հին» են, որքան ձեր «Բավարիայինը»: Քանի՞ տարի են արիստոկրատների կապույտ գույները պաշտպանում Ֆրենկ Լեմպարդն ու Ջոն Թերրին: Համեմատության համար ասեմ, որ ավելի երկար, քան «Բավարիայի» ցանկացած ֆուտբոլիստ, անգամ թիմի ավագ Ֆիլիպ Լամը: Այնպես որ, մեկ պահ հանգստացեք, սթափվեք եւ ուղղակի ուրախացեք, որ ձեր սիրելի թիմը հիմա հաղթում է բոլորին, այլ ոչ թե «անբախ-զանբախ» վատաբանեք այլ թիմերին եւ ինչն էլ ավելի կարեւոր է, անհիմն!!! Սա մեծ ֆուտբոլ է, եւ ոչ ոք մեղավոր չէ, որ «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ չեմպիոն հռչակվել: Չէ՞ որ ժամանակին, նույն «Չելսիի» բախտը շատ ավելի չէր բերել: Հիշեք «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակչում չնշանակված ակներեւ 11 մետրանոցը եւ «Յունայթեդի» հետ եզրափակչում Ջոն Թերիի սայթաքումը:
Վերջում կվերադառնամ նրան, ինչից սկսեցի: Ձեզ շատ մի կոտորեք: ՖՈՒՏԲՈԼԸ, ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ, ԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ, ԼՈՒՐՋ ԲԻԶՆԵՍ Է: Եվ չզարմանաք, եթե եզրափակչում «Բավարիան» ի վերջո պարտվի «Բորուսիային», քանի որ Խոսեպ Գուարդիոլան հենց այնպես այս թիմ չի եկել!!! Ամեն դեպքում ես երկրպագելու եմ «Բավարիային», ինչպես եւ նախորդ տարվա եզրափակչում եւ թիմի բոլոր երկրպագուներին հաղթանակ եմ մաղթում:
P.S.
Հետաքրքիր է, եթե ինչ-որ մեծահարուստ «վաղը չէ մյուս օրը» որոշի առաջ տանել մեր հայկական թիմերից մեկը, դուք էլի՞ կասեք, որ մեծ գումարներից ֆուտբոլը միայն տուժում է: